Քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ բնակարանաշինությամբ և դրանց վաճառքով զբաղվող ընկերության սեփականատերը՝ Ա.Մ.-ն, և նույն կազմակերպության տնօրենը՝ Գ.Վ.-ն, նախապես համաձայնության գալով, 2022-ից 2024 թվականների ընթացքում Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքից իրականացված բնակարանների վաճառքի պայմանագրերում որպես գին նշել են շուկայականից զգալիորեն ցածր արժեքներ՝ փաստացի ստացած գումարների համեմատ։
Նրանց գործողությունները միտված են եղել հարկերից խուսափելու միջոցով եկամուտ ստանալուն։ Քանի որ քրեական գործով ձեռք են բերվել բավարար տվյալներ այդ անձանց մեղավորության վերաբերյալ, 2025 թվականի ապրիլի 25-ին դատախազը սեփական նախաձեռնությամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Ա.Մ.-ի և Գ.Վ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքների համար՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու հատկանիշներով։
Մեղադրանքները ներկայացվելուց հետո նշված անձինք ամբողջությամբ փոխհատուցել են պետությանը հասցված 75 միլիոն դրամի վնասը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նախաքննությունը շարունակվում է։