ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական գործընթաց է սկսել Պետական եկամուտների կոմիտեի դեմ: Այս մասին հայտնի է դարձել «Դատալեքս» դատական-տեղեկատվական հարթակից։
Համակարգում տեղադրված տվյալների համաձայն՝ Սեդրակ Քոչարյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել ՊԵԿ-ի կողմից, ինչի կապակցությամբ էլ բողոքարկում է ներկայացրել, հայտնում է Factor.am-ը։
Ըստ արձանագրության՝ վարչական ակտը կազմված է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 169․1 հոդվածի հիմքով, որը վերաբերում է հաշվապահական գրանցումները խախտումով վարելուն, երբ այդ խախտումը կարող է հանգեցնել (կամ արդեն հանգեցրել է) հարկային պարտավորությունների նվազեցման կամ հաշվետվությունների՝ ժամկետները խախտելով ներկայացմանը։
Գործի շրջանակում Քոչարյանի ներկայացուցիչը փաստաբան Արամ Վարդևայանն է, սակայն նրան հասանելի լինել և լրացուցիչ մանրամասներ ճշտել չի հաջողվել։