Մի խումբ ճարտարապետներ, այլ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ համախմբվել են «Ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի» նախաձեռնող խմբի կազմում, որը սկսել է տարբեր իրազեկման միջոցառումներ, այդ թվում մեդիատուրեր կազմակերպել, «որպեսզի քաղաքացիները լիարժեք պատկերացում կազմեն, թե ինչ վտանգի առաջ է կանգնած Կասկադը՝ բնօրինակ նախագծից շեղվելու դեպքում»։
Նախաձեռնողները համոզված են, որ Կասկադը պետք է վերակառուցվի հեղինակային նախագծի համաձայն, գրում է Sputnik Արմենիան։
2024 թվականի ապրիլին «Գաֆեսճեան» ժամանակակից արվեստի կենտրոնը Երևան քաղաքի քաղաքապետարանին է նվիրաբերել Կասկադի վերնամասում գտնվող 5105 քառակուսի մետր տարածքը և դրա վրա գտնվող շինությունները։ Այս տարի հայտնի է դարձել, որ Կասկադի վերակառուցման մրցույթում հաղթող է ճանաչվել ֆրանսիացի ճարտարապետ Ժան Միշել Վիլմոնի նախագիծը։
Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը հայտնել է, որ ներկայացված նախագիծը խախտում է Կասկադի հեղինակների մտավոր սեփականության իրավունքը։ Քանի որ այն համարվում է մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ, կառույցի ավարտը պետք է իրականացվի միայն բնօրինակ նախագծին համապատասխան։ Հաշվի առնելով, որ նախագծի համահեղինակներից Ասլան Մխիթարյանը դեռ ողջ է, պահանջվում է նրան ներառել վերակառուցման գործընթացում։
«Ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Ստեփանյանը նշել է. «Այն քաղաքը, ինչին կյանք էր տալիս Ալեքսանդր Թամանյանը, եվրոպական ամենաբարձր քաղաքակրթությանը համարժեք քաղաքն էր, բայց հիմա տեսնում ենք այս խառնափնթոր վիճակը՝ տարերային, անկազմակերպ, ցածր գավառային։ Կասկադի այս նոր նախագիծը դրա հերթական՝ կուլմինացիոն հատվածն է լինելու»։
«Այստեղ մենք կարող ենք մի հուշարձանի մեջ տեսնել ամբողջ հայ ճարտարապետության պատմությունը։ Հայաստան եկած զբոսաշրջիկներին միայն Կասկադը ներկայացնելով՝ մենք կարողանում ենք փոխանցել Հայաստանն իր ամբողջ հոգեհուզական, զգայական երաժշտականությամբ։ Կասկադի շնորհիվ նրանք կարողանում են պատկերացում կազմել, թե ինչ է իրենից ներկայացնում այս մի կտոր հողի վրա ծվարած փոքր ժողովուրդը»,- ասել է նախաձեռնող խմբի անդամ, զբոսավար Կարինե Փանոսյանը։
Կասկադը, իր 572 աստիճաններով, ներքին բակերով, խորշերով ու քանդակներով, միայն տարածքներ միացնող գործառույթ չի կատարել, այլ դարձել է ճարտարապետական ստեղծագործության արդյունք՝ համալրելով մայրաքաղաքի մշակութային և քաղաքային կերպարը։
«Ոմանք ասում էին՝ սովետական ճարտարապետության նմուշ է, հետո բացատրեցինք, որ այստեղ որևէ սովետական կտոր չկա։ Բոլոր ժամանակների հայկական խորհրդանիշներն ամբողջացված են մի հուշարձանում, ճարտարապետները հազարամյակների պատմություն են այստեղ գաղտնագրել»,- ասել է ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ իրենց պահանջը հստակ է՝ Կասկադի վերակառուցումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես հեղինակային նախագծի հիման վրա։ Քանի որ այս կառույցը դասվում է հուշարձանների շարքին, բոլոր աշխատանքները պետք է դիտարկվեն որպես վերականգնողական։
«Պատկերացրեք՝ հուշարձանը քանդվել է ինչ-որ հատվածում կամ անավարտ է մնացել, այն պետք է ամբողջացվի, վերականգնվի»,- ընդգծել է ճարտարապետը։
Նախաձեռնող խմբի անդամներն ընտրել են պայքարի իրենց ձևը։ Նրանք վստահ են՝ մարդկանց պետք է տեղեկացնել Կասկադի արժեքի և նրանում ամփոփված ազգային գաղափարների մասին։ Այդ նպատակով կազմակերպվում են լրագրողների համար մեդիատուրեր, տարածվում են իրազեկող նյութեր։ Նրանք հույս են հայտնել, որ եթե հանրությունը գիտակցի՝ հեղինակային նախագծից շեղումը ինչպիսի վնաս կարող է հասցնել հուշարձանին, շատերը կմիանան բողոքին ու թույլ չեն տա դրա ոչնչացումը։
Կասկադ համալիրի նախնական գաղափարը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին։ Նրա նպատակը եղել է քաղաքային տարածքի հյուսիսային և կենտրոնական մասերի միավորումը՝ ստեղծելով ջրվեժներով և կանաչ տարածքներով հարուստ միջավայր։ Շինարարական աշխատանքները սկսվել են միայն 1970-ականներին՝ Ջիմ Թորոսյանի գլխավորությամբ՝ ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի մասնակցությամբ։
Կասկադի կառուցումը շարունակվել է մոտ 13 տարի, սակայն այն չի ավարտվել՝ 1988 թվականի երկրաշարժի և Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Անավարտ մնալով էլ՝ Կասկադը դարձել է Երևանի խորհրդանիշներից մեկը և ճանաչելի հուշարձան։