Ադրբեջանը, շարունակելով Արցախում հայկական հուշարձանների և ամեն հայկականի ոչնչացման քաղաքականությունը, քանդել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող հուշարձանը, խաչքարն ու հուշապատը։ Այդ մասին ասվում է Artsakh Monuments ֆեյսբուքյան էջում։
«Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունն անարգել շարունակվում է Արցախում։ Անխնա ոչնչացվում է ամեն ինչ, ինչ հայկական է։ Քոչվորներն ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիկների պատկերաքանդակներով հուշապատը», - ասվում է գրառման մեջ։
Հրապարակվել են լուսանկարներ։
Ադրբեջանական կողմն օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։
Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականության ուղղություններից է և 2020 թվականի պատերազմից ի վեր, արդեն իսկ ոչնչացվել են Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը, Շուշիի Արցախյան ազատամարտի և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Հադրութի Ազոխ գյուղում ավերվել են երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։