3 մայիսի 2025 - 14:15 AMT
Աբրահամյան․ Շատ դեպքերում քրգործերը մարդկանց քաղաքական ակտիվության վրա ազդելու միջոց են

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն, արձագանքելով «Իմնեմնիմի» հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճռին, նշել է, որ շատ դեպքերում քրգործերը մարդկանց քաղաքական, քաղաքացիական ակտիվության վրա ազդելու միջոց են: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Դատարանն արդարացման վերդիկտ կայացրեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ: Այն, որ Նարեկի ու Վազգենի նկատմամբ առաջին իսկ պահից ապօրինություններ էր իրականացվում, կարծում եմ, որ բոլորի համար էլ ակնհայտ էր:

Արդարացնելը հասկանալի է, բայց ո՞վ է պատասխան տալու նրանց, նրանց ընտանիքներին` վերջիններիս ազատությունից զրկելու, քաղաքական և ազատ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակելու, դատաիրավական հսմակարգի տհաճ, ժամանակատար ցիկլում հայտնվելու համար:

Ավելին, վստահ եմ, որ մեծ թվով անձանց պարագայում, իշխանությունը քրեական հետապնդում սկսում է` լավ իմանալով, որ վերջում արդարացվելու են, սակայն նրա խնդիրը սկզբնական փուլերում մարդկանց կալանքով պատժելն ու նրանց համար քաղաքականությունից դուրս «զբաղվածություն» ապահովելն է, ինչը ժամանակի առումով մարդկանց քաղաքական, քաղաքացիական ակտիվության վրա ազդելու միջոց է»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանը կայացրել է արդարացման դատավճիռ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի՝ «Իմնեմնիմի»-ի գործով։ Նշենք, որ մոտ մեկ տարի առաջ Սամսոնյանն ու Սաղաթելյանը մեղադրվել են այն բանից հետո, երբ «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ժամանակ քննադատել են Նիկոլ Փաշինյանին։ Նրանք 2 ամիս անցկացրել են անազատության մեջ, որից հետո նրանց նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ որպես խափանման միջոց։

Վերջիններիս նկատմամբ իրականացվող հետապնդումը բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International-ը, համարել են քաղաքական ենթատեքստով պայմանավորված։