3 մայիսի 2025 - 14:36 AMT
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների հանդեպ դատական ֆարսը

Մայիսի 2-ին Բաքվի զինդատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինածու գործերով դատական ֆարսը։

Նիստը տեղի է ունեցել դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ՝ դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի մասնակցությամբ (պահեստային դատավոր՝ Գյունել Սամեդովա): Նշվում է, որ բոլորն ապահովվել են թարգմանիչներով և պաշտպաններով, հայտնում է Azertag-ը։

Դատական նիստը շարունակվել է տուժողների ցուցմունքների լսմամբ և հարցերին պատասխաններով։ Ներկայացվել են տարբեր դրվագներ առաջին Ղարաբաղյան պատերազմի տարիներից։

Հատուկ հանձնարարություններով գլխավոր դատախազի օգնական Տուգայ Ռահիմլիի հարցերին պատասխանելիս Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտնել է, որ 1992 թվականի սեպտեմբերին զորակոչվել է զինվորական ծառայության և նշանակվել է 28-րդ Մարտունու գումարտակի հրամանատար։ Նա նաև նշել է, որ Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը եղել է Մոնթե Մելքոնյանը, իսկ նրա տեղակալը՝ Մովսես Հակոբյանը։

«Իմ գումարտակում կար 430–480 զինծառայող։ Այլ դասակներում քանակը երբեմն պակաս էր, երբեմն՝ ավել։ Հրամանները ստանում էի շտաբից։ Գումարտակի տրամադրության տակ կային նռնականետեր, գնդացիրներ, Կալաշնիկովի ինքնաձիգներ», – ավելացրել է նա։

ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հաստատել է, որ 2015–2018 թվականներին զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։ Նա հայտարարել է, որ չի մասնակցել գործողություններին Մարտունիում, իսկ Խոջալուում նա, ըստ իր ասածի, հայտնվել է միայն 1990-ականների երկրորդ կեսին։

Պետական մեղադրողների հարցերին ի պատասխան Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հերքել է իր և եղբոր՝ Գրիգորի Իշխանյանի մասնակցությունը Ղարադաղլիի դեպքերին։

Դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 5-ին։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։