3 մայիսի 2025 - 14:57 AMT
ԱԳՆ․ Շարունակում ենք ջանքերը՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով վերահաստատել է լրատվամիջոցների ազատության նկատմամբ ամուր հանձնառությունը: Այդ մասին X հարթակում գրառում է կատարել արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով մենք վերահաստատում ենք լրատվամիջոցների ազատության նկատմամբ մեր ամուր հանձնառությունը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ։ Նույն տրամաբանությամբ մենք շարունակում ենք ջանքերը՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին և սրընթաց տեխնոլոգիական առաջընթացի հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը»,–նշել է խոսնակը:

Նշվում է, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է ապահովել՝ «Մամուլի ազատության ինդեքսում» բարձրանալով 9 կետով և գրավելով 34-րդ տեղը։

«Դա վկայում է ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումներին ուղղված հետևողական ջանքերի մասին»,–ասվում է գրառման մեջ։

Մայիսի 3–ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է։

Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է մամուլի ազատության ցուցանիշով։ Այդ են վկայում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած մամուլի ազատության 2025 թվականի համաշխարհային ինդեքսի տվյալները։Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել՝ 2024–ի համեմատ բարձրանալով 9 հորիզոնականով և զբաղեցնելով 180 երկրների շարքում 34-րդ տեղը: