ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը մեդիահամայնքի համար դասընթաց–սեմինարի ժամանակ, որը կազմակերպվել էր ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, հայտարարել է, որ պատվաստումների շնորհիվ ՀՀ–ում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է։
«Պատվաստումների շնորհիվ մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Դրանց շնորհիվ է, որ աշխարհում էլիմինացված է բազմաթիվ կյանքեր խլած բնական ծաղիկը, Հայաստանը ազատ երկիր է պոլիոմելիտի առումով, 2007-2023 թթ. չեն արձանագրվել կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր»,- ընդգծել է Անա, հայտնում է 1lurer.am-ը։
Նրա խոսքով՝ մեկ տարեկան երեխաների շրջանում պատվաստման ընդգրկվածության մակարդակը գրեթե հասել է 93 տոկոսի, իսկ ջրծաղիկի դեմ վերջերս ներդրված պատվաստանյութով արդեն պատվաստվել է շահառու խմբի մոտ 13 տոկոսը։
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան ընդգծել է առողջապահության նախարարության մեծ դերակատարությունը իմունականխարգելման ոլորտում:
«Վերջին 50 տարիների ընթացքում մոտ 154 միլիոն մարդ փրկվել է դիֆտերիայից, կարմրուկից, կարմրախտից, կապույտ հազից և այլ վարակիչ հիվանդություններից՝ պատվաստանյութերի շնորհիվ։ Պատվաստանյութերի հավասար հասանելիությունը պարզապես նպատակ չէ, այլ իրավունք։ Եվ դուք՝ որպես կարծիք ձևավորողներ, ունեք այս կարևոր պարտականությունը՝ մարդկանց տրամադրելու ապացույցների վրա հիմնված, գիտականորեն ապացուցված տեղեկատվություն՝ այդպիսով աջակցելով առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի ջանքերին այս շատ կարևոր և կյանքեր փրկող գործում»,- դիմելով լրատվամիջոցներին նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդհարթա Դատտան։
ՀՎԿԱԿ մասնագետներն իրենց խոսքում անդրադարձել են նաև առողջապահական ապատեղեկատվության դեմ պայքարին, լրատվամիջոցների դերակատարությանը իմուն-իրազեկման գործում, նոր պատվաստանյութերի ներդրմանը և գիտական փաստերի ներկայացման կարևորությանը։