Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն մայիսի 2-ին այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն՝ վերահսկելու նախկինում արձանագրված խնդիրների լուծման ընթացքը։
Այցելության ընթացքում դիտարկվել է Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից նախկինում մատնանշված խնդիրների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների վիճակը, ինչպես նաև անցկացվել են անհատական զրույցներ կենտրոնի շահառուների հետ՝ հասկանալու նրանց իրավունքների իրացման ներկա պայմանները։
Դիտարկման շրջանակում գնահատվել են շենքային ենթակառուցվածքները, մատուցվող բժշկական և սոցիալական ծառայությունների որակը, զսպման միջոցների կիրառման օրինականությունը, սննդակարգի ապահովումը, մատչելիության պահանջների բավարարման աստիճանը, շահառուների զբաղվածությունը, հիգիենիկ պայմանները և աշխատակիցների աշխատանքային միջավայրը։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ ստացել են դրական լուծում, մասնավորապես` կանանց բաժանմունքներից մեկում առանձնացվել է զսպման սենյակ, որոշ բաժանմունքների մուտքերը կահավորվել են թեքահարթակներով (չնայած շարունակում են պահպանվել մատչելիության հետ կապված խնդիրները), սանհանգույցներում տեղադրվել են միջնապատեր, թեև դեռևս կահավորված չեն դռներով, միջնապատով է կահավորվել նաև հաատատության լոգասենյակը», ասվում է հաղորդագրության մեջ։
Այցի ընթացքում ՄԻՊ-ը կարևորել է պետական պարտավորությունը հոգեբուժական հաստատություններում առկա պայմանների բարելավման և մարդու արժանապատվության պահպանման հարցում։ Միաժամանակ, ըստ Պաշտպանի գրասենյակի, շարունակվում են չլուծված մնալ որոշ հիմնարար խնդիրներ՝ մասնավորապես շենքային պայմանների, մատչելիության և աշխատակիցների սոցիալական ապահովության ոլորտներում։ Ըստ հաղորդագրության, անհրաժեշտ է նաև բարելավել աշխատակիցների վարձատրությունը և ապահովել արժանապատիվ աշխատանքային պայմաններ։
Պաշտպանի գրասենյակը հավելել է, որ արձանագրված մի շարք թերություններ համակարգային բնույթ ունեն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներառվել են Կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի տարեկան զեկույցում։