3 մայիսի 2025 - 15:23 AMT
ԱՀԿ ներկայացուցիչ․ ՀՀ–ն առաջընթաց է գրանցվել վարակիչ որոշ հիվանդությունների դեմ պայքարում

Հայաստանը ընդգրկվել է այն պետությունների թվում, որտեղ արձանագրվել է էական առաջընթաց վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և պատվաստումների արդյունավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան Աղվերանում կայացած «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ 2025» միջոցառման ընթացքում։

Դատտան մասնակցել է մեդիա ներկայացուցիչների հետ կազմակերպված քննարկմանը, որի առանցքում եղել են պատվաստման կարևորությունը և հանրային առողջապահական հարցերը, հայտնում է Արմենպրեսը։

«Պատվաստումների ծրագիրն առհասարակ ենթադրում է համատեղ պատասխանատվություն։ Այդ պատճառով ԱՀԿ-ն պատրաստակամորեն համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) հետ։ 2003-2004 թվականներին, երբ նոր սկսում էի աշխատել հանրային առողջապահության ոլորտում, տեսնում էի, որ իմ հայրենիքում՝ Հնդկաստանում, մեծ թվով պոլիոմիելիտի դեպքեր կային, մինչդեռ Հայաստանում 1995-ից ի վեր նշված հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել։ Դա իսկապես գոհացուցիչ արդյունք է և երջանկություն է գիտակցել, որ երեխաներն այստեղ չեն տառապում նման հիվանդությամբ։ Այսպիսի արդյունքի, անշուշտ, հասել ենք պատվաստումների օգնությամբ»,- նշել է Դատտան։

Նրա կարծիքով, երբ երիտասարդ ծնողներն անգամ տեղյակ չեն, թե ինչ է պոլիոմիելիտը, դա փաստում է՝ հիվանդությունը պատմականորեն հաղթահարված է։

«Պատվաստումների ծրագիրն ամբողջ աշխարհում մեկնարկել է հիսուն տարի առաջ, երբ ԱՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների հետ միասին փաստեցին, որ պատվաստումները մարդու իրավունքների մի մասն են կազմում։ Ցանկացած երեխա, անկախ այն հանգամանքից, թե որտեղ է ծնվել, իրավունք ունի ստանալ իրեն հասանելիք պատվաստումները։ Ծրագրի իրականացումից ի վեր 154 միլիոն մարդ փրկվել է տարբեր հիվանդություններից։ Սա փոքր թիվ չէ, եթե հաշվի առնենք, որ աշխարհում պատվաստումների շնորհիվ ամեն վեց րոպեն մեկ փրկվում է մարդկային կյանք։ Հույս ունենք, որ ապագայում այլևս չենք լսի այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են պոլիոմիելիտը, դիվտերիան, փայտացումը, կարմրուկը, կարմրախտը»,- ասաց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը։

Նրա խոսքով՝ պատվաստումները կարևոր են ոչ միայն մանկական տարիքում, այլև մեծահասակների շրջանում։ Դատտան հիշեցրել է, որ կան երկրներ, որտեղ ծնողները հապաղում են երեխաներին անուն տալ մինչև հինգ տարեկան դառնալը՝ հիվանդություններից մահվան վախի պատճառով։

«Պատվաստումների ծրագիրը վերաբերում է նաև մեծահասակներին։ Հայաստանում, այլ երկրների նման, կիրառվում է մի պատվաստում, որը թույլ է տալիս կանխել արգանդի պարանոցի քաղցկեղը։ Դրա շնորհիվ կանայք և աղջիկները պաշտպանված կլինեն այդ հիվանդությունից։ Կան շատ երկրներ, որոնց տվյալների հիման վրա հավաքագրվել են ապացույցներ առ այն, որ դրանցում արգանդի պարանոցի քաղցկեղի ցուցանիշները պատվաստումների շնորհիվ գրեթե զրոյական մակարդակի վրա են»,- ասաց Դատտան։

Նա նշել է, որ բնական է, երբ մարդիկ ունենում են հարցեր կամ մտահոգություններ պատվաստումների վերաբերյալ, սակայն դա պետք է դիտարկել որոշում կայացնելու գործընթացի մաս։ Ըստ նրա՝ հանրության պաշտպանվածության երաշխիքը բարձր պատվաստվածության մակարդակն է՝ առնվազն 95 տոկոս։

Դատտան շեշտել է, որ պատվաստանյութերի նկատմամբ թերահավատությունը միայն հայաստանյան հասարակությանը բնորոշ չէ, այլ տարածված է համաշխարհային մասշտաբով։ Ըստ նրա՝ «Քովիդ-19»-ի համավարակից հետո հանրային ընկալումներում որոշակի փոփոխություններ են եղել, և պատվաստումների մասին ակտիվ խոսակցությունները բարձրացրել են իրազեկվածությունը։

«Երբ ծնողներն իրենց երեխաների հետ գալիս են պոլիկլինիկա, այդժամ հարցեր են ուղղում բուժաշխատողներին, ինչը միանգամայն ճիշտ է։ Սա այն դեպքն է, երբ բոլորս պետք է համագործակցենք՝ լրացուցիչ տեղեկատվություն տալով մարդկանց։ Շատ կարևոր է, որ մտահոգված անձինք ցանկացած պահի ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Պակաս կարևոր չէ, որ նրանք այդ հարցերն ուղղեն իսկապես կոմպետենտ մասնագետներին ու կառույցներին։ ԱՀԿ-ի հանձնառություններից մեկը տարբեր երկրների մասնագետների միջև կապ հաստատելն է, որպեսզի բոլոր հարցերի պատասխանները տրվեն։ Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ շրջանառվում է հսկայածավալ ինֆորմացիա։ Ցանկացած ծնող կարող է ձեռք բերել տեղեկատվություն, բայց անհրաժեշտ է դիմել կոմպետենտ և հավաստի աղբյուրներին»,- նշեց բանախոսը։

Նա ընդգծել է, որ «Քովիդ-19»-ը հստակ ցույց է տվել՝ վստահության առաջնային աղբյուրը բուժաշխատողներն են, և ԱՀԿ-ն Հայաստանում աշխատում է հենց նրանց մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ։

Երկրորդ կարևոր աղբյուրը Դատտայի կարծիքով ԶԼՄ-ներն են։

«ՀՀ առողջապահության նախարարության ջանքերը, որոնք ուղղված են լրատվամիջոցների հետ համագործակցությունը զարգացնելուն, նույնպես դրվատելի է, և մենք սատարում ենք այդ գործընթացին։ Ցանկանում ենք, որ ՀՀ-ում բոլոր երեխաները ստանան նույն տեսակի և որակի ծառայություններ՝ անկախ ծննդավայրից։ Ծառայությունների հավասար հասանելիությունը մեզ համար չափազանց կարևոր է։ Միշտ պետք է հիշենք, որ եթե պոլիոմիելիտի կամ դիվթերիայի դեպքեր վաղուց չեն գրանցվել, ամենևին չի նշանակում, որ մեր գործն ավարտված է։ Պետք է շարունակենք անել այն, ինչ արել ենք մինչ օրս, այսինքն պաշտպանենք մարդկանց՝ տրամադրելով համապատասխան պատվաստանյութեր։ Փաստ է, որ ժամանակին արված պատվաստումները կանխում են անիմաստ հոսպիտալացումները, նվազեցնում են հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։ Կարծում եմ, որ թափանցիկությունն ու երկխոսությունը թուլ են տալիս, որպեսզի յուրաքանչյուր շահագրգիռ կողմ առաջ տանի պատվաստումների հետ կապված գործընթացը, որպեսզի ապագա Հայաստանում մարդիկ հիվանդությունների մասին չհիշեն։ Մենք դրան կարող ենք հասնել համատեղ ջանքերով»,- եզրափակեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը։