Ակտիվիստ և բլոգեր Արթուր Չախոյանը, ով հոսպիտալացվել էր Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքի հետևանքով, դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը։ Այդ մաիսն ասել են նրա մտերիմները, հայտնում է «Փաստինֆոն»։
Դա եղել է իր անձնական որոշմամբ։ Նա որոշել է շարունակել բուժումը տան պայմաններում՝ հաշվի առնելով, որ բժշկական կենտրոնը հեռու չէ իր բնակարանից, և բժիշկների օգնությանը դիմելու հնարավորություն միշտ ունի։
Չախոյանի մոտ ախտորոշվել են գլխի հեմատոմաներ և ուղեղի ցնցում, ինքնազգացողությունն առայժմ բավարար չէ։
Ապրիլի 30-ի առավոտյան Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ մի խումբ աշխատակիցներ բռնություն են կիրառել ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ։