5 մայիսի 2025 - 11:00 AMT
Մարսելի քաղաքապետը՝ Գարեգին Բ-ին․ Ջանքեր կգործադրվեն` հաղթահարելու հայերի առջև ծառացած մարտահրավերները

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի ղեկավարած պատվիրակությանը, որում ընդգրկված են եղել ինչպես քաղաքային ղեկավարության, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Վեհափառ Հայրապետը կարևորել է պատվիրակության այցը՝ այն համարելով հայ-ֆրանսիական բարեկամության ու Ֆրանսիայի իշխանությունների զորակցության հերթական ապացույցը՝ հատկապես այս դժվարին ժամանակաշրջանում, որը պատուհասել է հայ ժողովրդին։

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ընդունելության համար, անդրադարձավ հայ-ֆրանսիական պատմական առնչակցություններին, կարևորեց տեղի հայ համայնքի և ազգային կազմակերպությունների ներդրումն ու շարունակական ներգրավվածությունը քաղաքի զարգացման գործում։ Քաղաքապետ Պայանը նաև հավաստիացրեց Հայոց Հովվապետին, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ, հայտնում է Մայր աթոռը։

Կաթողիկոսն ընդգծել է Մարսելի քաղաքային ղեկավարության և տեղի հայկական համայնքի միջև ձևավորված սերտ համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով, որ Մարսելն ընդունել է Հայոց ցեղասպանությունից փրկված մեծաթիվ հայերի, որոնք այնտեղ հիմնել են ազգային-հոգևոր կառույցներ և արժեքավոր ներդրում են ունեցել երկրի զարգացման գործում։

Բենուա Պայանն ընդգծել է Մարսելի հայ համայնքի դերը քաղաքի մշակութային և հանրային կյանքում։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։