Երևանի քաղաքապետարանի մայիսի 5-ին անցկացված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ապրիլ ամսվա ընթացքում օդի որակի վերլուծության արդյունքները, հայտնում է 1Lurer.am-ը։
Քաղաքում տեղադրված 173 չափիչ կայաններից ստացված տվյալները, որոնք տեղակայված են շինհրապարակներում՝ որպես աղտոտման հիմնական կենտրոններ, ցույց են տվել, որ օդում PM2.5 մասնիկների միջին ցուցանիշը կազմել է 61, իսկ PM10-ի արժեքը՝ 22: Այս տվյալները գտնվում են «լավի» և «չափավոր լավի» սահմաններում։
Օդի աղտոտվածությունը հիմնականում պայմանավորված է փոշով, որն իր մեջ պարունակում է կարծր շատ մանր մասնիկներ, հատկապես վտանգավոր են 2,5 միկրո մետրից փոքր տրամաչափ ունեցող մասնիկները:
Երևանում և տարբեր մարզերում ընդհանուր առմամբ գործում է 15 անշարժ դիտակայան և 214 ոչ ստացիոնար դիտակետ: Երևան քաղաքի 5 անշարժ դիտակայանում կատարվում են փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի, գետնամերձ օզոնի դիտարկումներ ամենօրյա ռեժիմով, իսկ ոչ ստացիոնար 45 դիտակետում՝ ծծմբի և ազոտի երկօքսիդի շաբաթական դիտարկումներ: