Ջրամատակարարման ոլորտում շատ մեծ են 2025 թվականին ծրագրված աշխատանքների ծավալները՝ նախատեսվում է 8500 բաժանորդի համար 72 կմ երկարությամբ նոր ջրագծեր և ջրաչափական հանգույցներ կառուցել։ Այդ մասին ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Նա նշել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության պատվերով մշակված նախագծերի պատասխանատվությունը այսուհետ անցել է Ջրային կոմիտեին, հայտնում է 1lurer.am-ը։
«Ընտրված է մասնավոր սեկտորը, և, կարծում եմ՝ ընտրությունը ճիշտ է արված, որովհետև ամենամեծ ջրակորուստը մասնավոր սեկտորում է. ցանցը քայքայված է այստեղ, և ապօրինի ջրամիացումների մեծ ծավալը հենց մասնավոր սեկտորում է։
Այս ծրագրով, որը նախատեսվում է ավարտել 2025-2026 թվականներին, ըստ էության, կբարելավվեն ջրամատակարարման որակը, տեխնիկական հագեցվածությունը, հուսալիությունը, ապահովությունը, և ջրաչափական հանգույցներն ու հորերը կտեղադրվեն բնակարաններից դուրս, կհատվեն ապօրինի ջրամիացումները: Սա լուրջ ազդեցություն կունենա ջրի ֆիզիկական կորստի ծավալների վերացման համար»,- ասել է նա։