5 մայիսի 2025 - 18:04 AMT
Օհանյան․ Սիմոնյանն ու այս իշխանությունն է թուրք-ադրբեջանական տանդեմի շպիոնը

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ի շպիոն է, ասել է, որ Սիմոնյանը պետք է հասկանա, որ «ինքն ու այս իշխանությունն է թուրք-ադրբեջանական տանդեմի շպիոնը»։

«Կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց «շպիոնը» և այս իշխանությունն է «շպիոնը» թուրք-ադրբեջանական տանդեմի, երբ իրենք հայտնվել են դեմ առ դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում այս ճնշված վիճակում։ Հենց սա է ինքնիշխանության կորուստը»,-ասել է նա, հայտնում է Aravot.am-ը։

Օհանյանը հավելել է, որ Սիմոնյանը պարտավոր է գիտակցել՝ Հայաստանի և Արցախի անկախությունը եղել են ազգի կարևոր նվաճումներ։

«Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ՀՀ-ի և Արցախի անկախությունն է, և ինքնիշխանության հետզհետե ամրապնդումը։ Եկեք համեմատություն կատարենք՝ ո՞ւմ ղեկավարության արդյունքում է ավելի ինքնիշխան եղել ՀՀ-ն, բալանսավորված, լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականություն իրականացրել ՀՀ-ն, իհարկե, ոչ հիմա։ Սա թույլ է տվել, որ ՀՀ-ն ու Արցախը ինտեգրված համագործակցությամբ զարգանան։ Այսօր Արցախի Հանրապետությունը չկա, իսկ այս ամենօրյա խոսակցությունը, կեղծ խաղաղության օրակարգով առաջնորդվելն, ամեն ինչի գնալը, որ թղթի կտորը ստանան խաղաղության օրակարգի անվան տակ, իրենց իշխանությունը պահելու համար․ հենց սա է ինքնիշխանության կորուստը»,–ասել է Օհանյանը։

Նրա խոսքերով՝ ներկայիս խաղաղության նախաձեռնությունները չունեն բովանդակային արժանահավատություն, և դրանք միայն իշխանության պահպանման միջոց են՝ անկախության հաշվին։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շահեր հետապնդող ու միայն այդ ուղղությամբ ծառայություններ մատուցող գործիչ է։

«Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է, դա իմ կարծիքն է»,–ասել է նա։