6 մայիսի 2025 - 11:20 AMT
Սյունիքում սահմանապահին ինքնասպանության հասցնելու գործով մեկ կալանավորված կա

Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Ա.Ա.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործի շրջանակում մեկ անձ կալանավորվել է։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, հայտնում է ՍիվիլՆեթը։

«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- հայտնել է Ավդալյանը։

Այդ հոդվածով սահմանվում է 5-10 տարվա ազատազրկում՝ մարտական ծառայության ժամանակ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար։

Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզում գտնվող սահմանապահ ստորաբաժանումներից մեկում ժամկետային զինծառայող Ա.Ա.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ստացած հրազենային վնասվածքի հետևանքով։