6 մայիսի 2025 - 11:34 AMT
Գյումրի-Կարս երկաթգծի հայկական հատվածի գործարկման համար մոտ 1 տարի է պետք

Գյումրի-Կարս երկաթգծի հայկական հատվածի գործարկման համար կպահանջվի մոտ մեկ տարի: Այդ մասին հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նախարարությունից հիշեցրել են, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի և Թուրքիայի պետական տարբեր մարմինների ներկայացուցիչները հանդիպել են սահմանին։ Այդ քննարկման ժամանակ կողմերը անդրադարձել են Ախուրիկ-Աքյակա երկաթուղային անցակետի վերագործարկման տեխնիկական մանրամասներին, ինչպես նաև գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու տեխնիկական վիճակը։

«Գյումրի - Թուրքիայի սահման հատվածում երկաթգիծը վերանորոգման կարիք ունի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ի օգնությամբ իրականացված նախնական գնահատականներով՝ երկաթուղու գործարկման ընդհանուր արժեքը կկազմի 32.4 մլն դոլար»,- նշել են գերատեսչությունում։

Միևնույն ժամանակ, նախարարությունը տեղեկացրել է, որ Թուրքիայի տարածքում ճանապարհի վիճակի վերաբերյալ տվյալներ չունի։ Այդ պատճառով հաշվարկներն արվել են բացառապես հայկական հատվածի աշխատանքների համար։

Ընդհանուր առմամբ, նախարարությունում նշել են, որ հայկական կողմում երկաթուղին շահագործման պատրաստ դարձնելու համար կպահանջվի մոտ մեկ տարի։

Երևանում կարծում են, որ Գյումրի-Կարս ճյուղի գործարկումը թույլ կտա դիվերսիֆիկացնել միջազգային երկաթուղային ճանապարհները Հայաստանի և հարևան երկրների միջև: Սա նաև հնարավորություն կստեղծի տարածաշրջանի երկրների միջև երկկողմ և տարանցիկ փոխադրումների կազմակերպման, ինչպես նաև Թուրքիայի միջոցով ԵՄ-ի հետ երկաթուղային կապ հաստատելու համար:

Գյումրի-Կարս երկաթուղին դադարեցրել է գործունեությունը դեռևս 1993 թվականին։ Այն առաջին անգամ դիտարկման առարկա է դարձել 2008-ին՝ երբ սկսվել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջին փուլը։ 2010 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն տեղեկացրել է երկաթուղային նախագծի մշակման մեկնարկի մասին։ Թեման կրկին ակտիվացել է 44-օրյա պատերազմից հետո՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին։

Photo: Sputnik