ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պատրաստ է միավորվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը հասնելու հարցում։ Այդ մասին նա գրել է Truth Social-ում իր էջում։
«Ունեցել եմ շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ մի շարք թեմաների շուրջ, ներառյալ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը, Սիրիային, Գազայի հատվածին վերաբերող հարցերը և այլն... Անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համատեղ աշխատանքի՝ այս անհեթեթ, սակայն մահացու վտանգավոր պատերազմի դադարեցման ուղղությամբ՝ հենց հիմա», – գրել է Թրամփը։
Նա նշել է նաև, որ Էրդողանն իրեն հրավիրել է այցելելու Թուրքիա։ Բացի այդ, Թրամփը հաստատել է, որ թուրք առաջնորդը շուտով կայցելի Վաշինգտոն։
«Իմ նախագահության չորս տարիների ընթացքում իմ հարաբերությունները նախագահ Էրդողանի հետ գերազանց են եղել։ Մենք սերտ համագործակցել ենք մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ այն հանգամանքը, որ նա օգնեց վերադարձնել բանտարկված հովիվ Էնդրյու Բրանսոնին Միացյալ Նահանգներ՝ անմիջապես իմ խնդրանքով», – հավելել է Թրամփը, գրում է The Kyiv Independent-ը։
Նա նաև հայտնել է, որ Եվրոպական միության առաջնորդները բազմիցս իրեն են դիմել՝ խնդրելով կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պնդելով, որ Կրեմլի ղեկավարը անտեսել է նրանց կապ հաստատելու փորձերը՝ Ուկրաինայի պատերազմի պայմաններում։ Նա այդ մասին ասել է NBC-ի Meet the Press հաղորդմանը տված իր հարցազրույցում։
Թրամփի այս հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ ավարտվել է նրա սահմանած 100-օրյա ժամկետը՝ Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնելու ուղղությամբ, սակայն առանց արդյունքի։
Հարցազրույցում Թրամփը կրկնել է իր պնդումը, որ պատերազմը չէր սկսվի, եթե ինքը մնար իշխանության, և նշել է, որ հնարավոր է խաղաղության համաձայնագրի ձեռքբերում։
Ըստ հաղորդումների՝ Թրամփը սկսել է հիասթափվել խաղաղ բանակցությունների դանդաղ ընթացքից։
Թեև Թրամփը պնդում է, որ եվրոպացի առաջնորդներին չի հաջողվել կապ հաստատել Պուտինի հետ, առնվազն մեկ կարևոր հեռախոսազրույց տեղի է ունեցել։ Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը նոյեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ՝ վերջին երկխոսությունից գրեթե երկու տարի անց։
Այդ օրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է այդ զանգին՝ զգուշացնելով, որ այն կարող է բացել «Պանդորայի արկղ»՝ Ռուսատանի հետ հետագա բանակցությունների տեսքով, որոնք կարող են թուլացնել Կիևի դիրքերը։
Բացի այդ, մի քանի եվրոպացի առաջնորդներ Պուտինի հետ անձամբ հանդիպումներ են ունեցել։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն այցելել են Մոսկվա և հանդիպել Պուտինի հետ։
Ակնկալվում է, որ Ֆիցոն նաև կմասնակցի Ռուսաստանի Հաղթանակի օրվա միջոցառումներին՝ մայիսի 9-ին։