Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան: Թե ով կամ ինչի համար է այդ քայլին դիմել, անհայտ է, հայտնում է Factor.am-ը։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցածի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական պարտականությունների կատարման կապակցությամբ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
«Այս հանցանքը պատժվում է երեքից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ»,–ասել է նա։
Գևորգ Ստեփանյանը վստահություն է հայտնել, որ իր մեքենան հրկիզելու փորձը կատարվել է իշխանության ներկայացուցիչների կողմից:
Հրկիզված մեքենան այլևս հնարավոր չէ շահագործել։