ՌԴ Լենինգրադի մարզում տեղի ունեցած դեպքից հետո մահացած է հայտնաբերվել ՀՀ 37-ամյա քաղաքացի։
«Ռուսական համայնք» ծայրահեղական շարժման անդամները ներթափանցել են Լենինգրադի մարզի Լենովոյի շրջանի բնակարաններից մեկը։ Տեղական որոշ լրատվամիջոցներ և տելեգրամյան ալիքներ հաղորդել են, որ ներխուժումից անմիջապես հետո բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է Հայաստանի քաղաքացի, գրում է Radar.am-ը։
Մայիսի 4-ին արտակարգ իրավիճակների նախարարությունն իր հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ Վսևոլոժսկի Լենինգրադսկայա փողոցում հրդեհ է բռնկվել։ Ավելի ուշ բնակարանի ներսում հայտնաբերվել է ՀՀ 37-ամյա քաղաքացու դին, իսկ պատուհանի տակ հայտնաբերվել է 24-ամյա աղջիկ, որը ծանր վիճակում տեղափոխվել է բուժհաստատություն, ըստ «Фонтанка»-ի հրապարակման։
Ըստ նույն աղբյուրի՝ այդ օրը բնակարան են ներխուժել «Ռուսական համայնքի» անդամները։ Այս տեղեկությունը հաստատել է բնակարանի սեփականատերը։
Նա նշել է, որ անհայտ անձինք, ովքեր ներկայացել են որպես ոստիկաններ, փորձել են ներս մտնել իր բնակարան։ Նրանք ուժով բացել են դուռը, տուժածի վրա գազային նյութ են լցրել և հարվածել նրան էլեկտրաշոկային սարքով։
Բնակարանի տերը պատմել է, որ դեպքի վայր հասնելիս աստիճաններին տեսել է սև հագուստով, դիմակներով և «Ռուսական համայնք» շարժման խորհրդանիշով շատ տղամարդկանց։
«Moika78» պարբերականին ծայրահեղական շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ դեպքի վայր են ժամանել՝ իբր օգնության։ Նրանց խոսքով՝ հարևան բնակիչները լսել են աղմուկ և ճիչեր, իսկ բնակարանի տերն իր նախաձեռնությամբ դիմել է «Ռուսական համայնքին», որպեսզի վերջիններիս միջոցով ապահովի իր անվտանգությունը։ Նրանք պնդել են, թե ՀՀ քաղաքացու մահը պայմանավորված է հրդեհի բռնկումով։
Հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գործ է հարուցել «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով, որը իրավաբանորեն սպանություն չի համարվում։