6 մայիսի 2025 - 16:54 AMT
Բողոքի ակցիա՝ ԱԺ-ում․ «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր»

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը Ազգային ժողովի միջանցքում հանդես է եկել բողոքի ակցիայով՝ «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր», «Ամոթ», «Լրագրողների հետ շատ զգույշ» գրություններով պաստառներով, հայտնում է Sputnik Արմենիան։

Այդ ընթացքում ԱԺ նիստերի դահլիճում ընթանում էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկած նախագծի քննարկումը, որը նպատակ ունի Անդրանիկ Քոչարյանի պահվածքը գնահատելու նպատակով կազմել պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով։

Ավելի վաղ լրագրողը նախաձեռնել էր ստորագրահավաք՝ Ազգային ժողովի խմբակցություններին առաջարկելով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի Քոչարյանի, իր գնահատմամբ, վիրավորական պահվածքը։

Մարտի 20-ին Ազգային ժողովում, երբ լրագրողները փորձել են հարցեր ուղղել Քոչարյանին, նա դիմել է Ջեբեջյանին՝ հորդորելով՝ մի փոքր հեռանալ։ Լրագրողը հետաքրքրվել է պատճառով։ «Դուք ինձ միշտ խանգարում եք»,– պատասխանել է պատգամավորը։ Ջեբեջյանն արձագանքել է՝ «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ խմբակցության պատգամավորը ասել է. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։