6 մայիսի 2025 - 17:03 AMT
Գրիգորյան․ ՔՊ–ն չի մարսում Գյումրիում եղածը, Բադալյանի հետ կապ հաստատել չի ստացվում

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում է գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ։

«Քննարկում ունեցել ենք, խոսել եմ այդ մասին, Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ՝ աշխատանքի անցնելու վերաբերյալ, խնդրել է, որ մենք, որպես թիմ, ըմբռնումով մոտենանք, նորմալ ընկալենք իր քայլը»,- ասել է Գրիգորյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա ասել է, որ համոզել է իր թիմակցին՝ մանդատը վայր դնելն այս պահին ճիշտ չէ, բայց, ի վերջո, եկել են այն համոզման, որ պետք է վայր դնի մանդատը։

«Այդ ժամանակ մենք դա ընկալել ենք որպես անձնական խնդիր, որը հարգել ենք, դրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետն արձանագրություն է կազմել ու ուղարկել ԸԸՀ ու այդ պահից ի վեր՝ ինքը համարվում է մանդատ չունեցող անձ։ Դրանից հետո, պարզվում է, մեր ընկերը փոշմանել է ու դիմել է, որ մանդատը հետ վերցնի, որի իրավասությունը քաղաքապետը չունի։ Մինչ օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, չենք կարող հասկանալ՝ պատճառն ինչումն է»,- մանրամասնել է Գրիգորյանը։

Կարեն Բադալյանը տեղեկացրել է նաև, որ դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից։

«Հետո տեղեկանում ենք՝ դատական հայց է ներկայացրել, որ իր մանդատը վերականգնվի»,- նշել է պատգամավորը։

Գրիգորյանը ենթադրում է, որ ՔՊ-ն ազդեցություն ունի իր թիմակցի որոշման վրա։

«ՔՊ-ն չի հանգստացել, չի մարսում Գյումրիում եղածը»,- հավելել է նա։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է այս քննարկումներին՝ ընդգծելով, որ նման դեպքերը քաղաքական շահարկման փորձեր են։

«Մի հոգի որոշել է մանդատը դնի, հետո որոշել է հետ վերցնի, ահա՝ այստեղ ՔՊ-ն կապ ունի: Պատգամավորներ կան «Հայաստան» դաշինքից, որ դուրս են եկել խմբակցությունից, պատգամավորներ կան, որ ՔՊ-ից են դուրս եկել. հիմա ինչ-որ մեկը փորձում է Աղազարյանին, Ասլանյանին և Գեղամ Նազարյանին մեկը մյուսից գողանա՞լ. էլ չեմ ասում, որ կան պատգամավորներ, որ ՔՊ-ով դարձան քաղաքական գործիչ, հիմա «Հայաստան» դաշինքում են: Բոլոր տեղերում այդպիսի բաներ կան: Ես հասկանում եմ, որ դրա շուրջ ուզում են քաղաքական բան եռացնել»,–ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Նա նաև անդրադարձ է կատարել ընդդիմադիրների նախաձեռնություններին՝ ասելով. «Հիմա որ էստեղ գալիս են, նամակներ են բաժանում, ասում են վարչապետին իմպիչմենտ անենք, ինչ-որ մեկին ուզում են գողանա՞լ»:

Ալեն Սիմոնյանը պնդել է, որ ՔՊ-ն որևէ կերպ առնչություն չունի Բադալյանի կամ որևէ այլ ավագանու անդամի որոշման հետ։

«Ոչ մեկը ոչ մեկին չի գողանում. ես այդ մարդուն չեմ ճանաչում, և որևիցե կապ ՔՊ կուսակցությունը չունի, և ասեմ ավելին՝ ցանկություն էլ չունի որևէ կապ ունենալու: Գյումրեցին իր ընտրությունը կատարել է. մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ, տեր ենք կանգնում մեր ձայներին և շարունակելու ենք աշխատանքները: Վերջիվերջո, մենք այնտեղ առաջին տեղն ենք զբաղեցրել: Շատ, աննախադեպ շատ ձայն ենք հավաքել. 2 անգամ ավելի շատ, քան ընդդիմադիրների 2-րդ, 3-րդ կամ 4-րդ տեղը, և շարունակում ենք աշխատանքը»,–ասել է Սիմոնյանը։

Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, ապրիլի 16–ին կրկին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։ Ընդդիմադիր ավագանու 18 անդամները միաձայն աջակցություն են հայտնել Ղուկասյանին՝ ընտրելով նրան Գյումրու նոր ղեկավար։ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները որոշում են կայացրել իրենց կողմից թեկնածու չառաջադրել և հայտնել են, որ պատրաստվում են աջակցել ընդդիմադիր ճամբարում առավելագույն ձայներ ստացած ուժին` անհրաժեշտ համարելով իշխանությունից հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։