6 մայիսի 2025 - 17:06 AMT
Մոտ 15 կգ թմրամիջոց է մաքսանենգ ճանապարհով ներկրվել ՀՀ․ 4 կալանավորված կա

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԻԻՀ-ում գտնվող անձն առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է ՀՀ, որի մի մասը նախատեսված է եղել Հայաստանի տարածքում իրացման, իսկ մյուս՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4,3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ՀՀ տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխելու համար, հայտնում էՀՀ քննչական կոմիտեն։

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա.-ն և Ա.Մ.-ն փորձել են ձեռք բերել նշված խմբաքանակից առանձին չափաբաժիններ՝ մասնավորապես՝ 95․43 գրամ «Մարիխուանա» և 96․43 գրամ «Մեթամֆետամին», սակայն մինչ նպատակին հասնելը նրանք բերման են ենթարկվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից։

Այն օրը, երբ իրականացվել է ձերբակալությունը, նույն գործի շրջանակում Ա.Կ.-ն և Մ.Օ.-ն փորձել են Հայաստանով մաքսանենգ ճանապարհով Վրաստան արտահանել նույն 4․3 կգ քաշով «Մարիխուանա»-ն, սակայն չեն հասցրել իրագործել ծրագիրը, քանի որ նրանց ևս ձերբակալել են։

Նրանց դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, որոնք առնչվում են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, իրացման փորձին և մաքսանենգության նախապատրաստմանը։ Նշված հոդվածներն են՝ 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը և 43-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը։

Գ.Ա.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ ևս կիրառվել են նույն հոդվածները՝ առնչվող առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության իրացման փորձին։

Չորսի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել է կալանքը։

Նրանց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է հսկող դատախազին, իսկ ևս ինը անձի մասով նախաքննությունը դեռ շարունակվում է։