Ադրբեջանն արգելել է միջազգային անկախ դիտորդներին, փորձագետներին ու դիվանագիտական ներկայացուցիչներին մասնակցել Բաքվում ընթացող հայերի դատավարություններին։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ նիստերին մասնակցել ցանկացողներն անգամ հետապնդումների են ենթարկվել, հայտնում է «Ազատությունը»։
Արցախի նախկին նախագահների ու մյուս պաշտոնյաների դատավարությունից առանձին Բաքվի ռազմական դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դատաքննությունը։
«Նրանց հարցաքննել են, ամբողջ շարժի ընթացքում հետևել են և տարբեր ուժային ահաբեկող մեթոդներով փորձել են վախեցնել անձին: Այստեղ ոչ միայն սովորական արգելքներ են ներկայացվում, այլ նաև հետապնդում հիշեցնող քայլեր են իրականացվում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել հռչակված բաց դատավարություններին», - ասել է Սահակյանը:
Միջազգային իրավունքի մասնագետը, որը զբաղվում է գերիների հարցերով, չի հստակեցրել՝ որ անհատներն ու որ կազմակերպությունների ներկայացուցիչներն են մերժում ստացել կամ հետապնդման ենթարկվել Բաքվում։ Նրա խոսքով՝ այս պահին հրաժարվում է հրապարակել անուններ՝ չցանկանալով, որ նրանք նորից հայտնվեն թիրախում։ Միևնույն ժամանակ, չի բացառել, որ ապագայում այդ տեղեկատվությունը կարող է հանրայնացվել։
«Այնտեղ անձինք իրենց ցանկություններով գտնվելու հնարավորություն չունեն, ցուցակագրվում են նախապես, անունները համաձայնեցվում են ադրբեջանական պետական մարմինների կողմից, այդ տեղեկատվությունն անձանց կողմից ստացված ամբողջովին վերահսկվում է պետության կողմից, և անկախ երրորդ անձինք զրկված են դատավարությանը ներկա գտնվելու հնարավորությունից», - նշել է միջազգային իրավունքի մասնագետը:
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և այլ հայերի դատավարությունները, որոնք մեկնարկել են տարեսկզբից, ընթանում են փակ պայմաններում՝ առանց անկախ փաստաբանների ու լրատվամիջոցների ներկայության։
Միջազգային իրավունքի մասնագետը նշել է, որ Բաքուն փորձում է խմբագրումներով կեղծ, մտացածին դատավարությանը իրականության իմիտացիա տալ։
«Մեծ ժամանակային խզում կա, օրինակ՝ դատավարությունները ոչ թե անմիջականորեն են լուսաբանվում, այլ մեկ-երկու օր վերամշակվում են նյութերը, որից հետո պետության թույլտվությամբ նոր արտահոսք է տեղի ունենում: Եվ մենք ունեցանք թե՛ Ռուբեն Վարդանյանի և թե՛ Բաբայանի պարագայում ուղիղ խոսք՝ ընտանիքների միջոցով, առ այն, որ նրանց մտքերը ձևախեղվում են, և դատավարության ընթացքում հնչեցված հայտարարությունները ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ կերպով են ներկայացվում հանրությանը։ Սա, իմ գնահատմամբ, ադրբեջանական կեղծարարական քաղաքականության որոշակի դրսևորում է»,–ասել է նա։
Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը տասնյակներով մեղադրանքներ է ներկայացրել է Ադրբեջանը։ Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանը, որն Արցախի պետնախարար է եղել ընդամենը երեքուկես ամիս ու երբեք չի համակարգել ռազմական ոլորտը, մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։
Օրերս նրա որդին դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ավելի քան մեկուկես տարի Բաքվում բանտարկված հորն ու մյուս 22 հայ գերիներին ազատ արձակելու խնդրանքով։
Միջազգային իրավունքի մասնագետն ասում է՝ չնայած ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը, պետք չէ բացառել, որ Վաշինգտնոը կարող է ազդեցություն ունենալ Բաքվի վրա՝ գերիներին ազատ արձակելու հարցում։
Բաքվի ռազմական դատարանը վերջին նիստերում անդրադարձել է, ըստ ադրբեջանական կողմի ձևակերպման, Շուշիի և Մարտունիի «օկուպացիաներին»։ Դատական գործընթացների ընթացքում պարբերաբար հիշատակվում են Արցախի ու Հայաստանի նախկին ղեկավարների անունները։ Վկաներ ներկայացվող անձինք հայերին մեղադրել են սպանությունների, քաղաքացիական անձանց դեմ գործողությունների և բնակչության տեղահանման մեջ։ Սակայն թե կոնկրետ ինչ ապացույցներ են ներկայացվում, չի հաջողվում պարզել, քանի որ դատավարությունը լուսաբանվում է միայն Ադրբեջանի պետության վերահսկողության տակ գտնվող «Ազերթաջ» լրատվամիջոցով, որը նույն օրը հաղորդում է միայն հատվածական տեղեկատվություն, իսկ հաջորդ օրը՝ տեսանյութ։ Անկախ աղբյուրներից այդ տեղեկատվության ճշգրտումը հնարավոր չէ։