Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պատրաստվում են պատասխանել Էդգար Ղազարյանի ու Նարեկ Մալյանի նամակներին, որոնք վերաբերում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցին։
Աղազարյանն ասել է, որ բանակցում են 4 հոգու հետ, որոնց թեկնածությունը կարող ենք առաջադրել վարչապետի պաշտոնում, հայտնում է «Փաստինֆոն»։
Աղազարյանն ընդգծել է, որ քաղաքացիներն արտահայտել են բարձր իրավագիտակցություն ու ներկայացրել են լուրջ օրակարգ, իսկ իրենց պատասխանը կհնչի ուրբաթ՝ մայիսի 9–ին, կուսակցության վարչության նիստից հետո։
Երբ նրան հիշեցրել են, որ նախկինում պարբերաբար հայտարարել են, թե չեն մասնակցելու որևէ նախաձեռնության, որտեղ ներգրավված կլինեն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի թիմերը, Աղազարյանը արձագանքել է, որ «Աստված իրենց փրկել է փորձությունից»։
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները հայտարարել են, որ պատրաստ են միանալ ցանկացած նախաձեռնության, սակայն թեկնածու չեն առաջադրելու, հետևաբար՝ Աստված մեզ փրկեց փորձությունից։ Բացառիկ դեպքերը եթե մի կողմ դնենք, մենք էլի ենք պնդում, որ չենք միանալու Քոչարյանի և Սարգսյանի առանցքի շուրջ հավաքված ուժերին։ Բայց նաև մեր նպատակն է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի»,–ասել է նա
Աղազարյանը նաև հայտնել է, որ իրենք այժմ զբաղված են ընդհանուր թեկնածու գտնելու գործընթացով։
«Մենք այս պահին բանակցում ենք 4 հոգու հետ, որոնց թեկնածությունը կարող ենք առաջադրել վարչապետի պաշտոնում։ 4-ից ով էլ համաձայնի, մենք կքննարկենք նրա թեկնածությունը մեր կուսակցության վարչությունում և կառաջադրենք որպես վարչապետի թեկնածու։ Նրանք պատվարժան, փորձառու, չեզոք գործիչներ են։ Այս անձանց մեջ կան թեկնածուներ, որոնք կարող են ընդունելի լինել և՛ խորհրդարանական ընդդիմության, և՛ ՔՊ-ականներից շատերի համար»,–նշել է պատգամավորը։
Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին հանձնվել է Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով վարչապետի իմպիչմենտի շուրջ խոսակցություններին, ասել է, որ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի վարչապետի թեկնածու, իրենք կսատարեն։