7 մայիսի 2025 - 12:15 AMT
9 ոստիկան է ձերբակալվել․ Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունը Վաղարշապատի բաժնում

Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 7–ի առավոտյան ձերբակալել է ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի 9 ոստիկանի։

ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայության ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, տեղեկացնում է Factor․am-ը։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ գործողությունն իրականացվել է իրենց վարույթում գտնվող քրեական գործի շրջանակում։ Կոմիտեն նաև տեղեկացրել է, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են՝ «հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու» մեղադրանքներով։

Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեն այս պահին հավելյալ տվյալներ չի տրամադրում։