Հունգարական Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրի 8 քաղաք նոր չվերթեր մեկնարկելու մասին։ Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։
«Մենք հպարտ ենք Երևանում մեր 34-րդ բազան բացելու համար՝ մեկնարկելով նոր չվերթեր 8 ուղղությունով՝ կապելով Հայաստանը եվրոպական ավելի շատ երկրների հետ, քան երբևէ»,–ասվում է հրապարակման մեջ։
Տոմսերի գները սկսվում են ընդամենը 29.99 եվրոյից։
Նոր ուղղություններն են՝ Գերմանիայի Համբուրգ և Մեմինգեն քաղաքներ, Իտալիայի Նեապոլ և Բարի, ինչպես նաև Ռումինիայի Բուխարեստ, Կիպրոսի Պաֆոս, Ֆրանսիայի Նիս և Չեխիայի մայրաքաղաք Պրահա։
«Սա ևս մեկ մեծ քայլ է ճամփորդությունները բոլորի համար առավել հասանելի դարձնելու ճանապարհին»,- հայտարարել է ավիաընկերությունը։