Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ որևէ հավաստի ապացույց Ռուսաստանի՝ այլ անկախ պետությունների ընտրական գործընթացներին միջամտելու մասին գոյություն չունի։ Նա նման մեղադրանքները որակել է որպես սուտ և ապատեղեկատվություն։
Մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր Հայաստանում ՌԴ դեսպանությունը ներգրավված է եղել Երևանի վարչական շրջաններից մեկում անկարգությունների մեջ` դիվանագետը նշել է, որ նման հայտարարությունները «փորձ են՝ ներքաղաքական հարցերը լուծելու՝ կիրառելով արտաքին գործոններն ու Ռուսաստանի հետ կապված շահարկումները», հայտնում է ՏԱՍՍ–ը։
https://tass.ru/politika/23868509
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է, թե Ռուսաստանի դեսպանատունը մասնակցություն է ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին։
Նրա խոսքով՝ «երևում է՝ այլ փաստարկներ չկան՝ սեփական քաղաքացիներին գրավելու հետաքրքիր, երկարաժամկետ, հեռանկարային գաղափարներով»։
«Ինչեր ասես չենք լսել տարբեր երկրներից մեր իբր միջամտության մասին։ Ամեն ինչ, ինչ մեզ փորձում էին վերագրել, արդյունքում պարզվել է, որ կեղծիք է, սուտ, ապատեղեկատվություն, կրկին՝ ներքաղաքական օգտագործման կամ երբեմն՝ սեփական արտաքին քաղաքական քայլերը հիմնավորելու նպատակով»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ավելացրել է նաև, որ այս դեպքը կարող է վկայություն լինել՝ Արևմուտքի ազդեցության մասին Հայաստանի վրա։ Զախարովան ընդգծել է, որ Հայաստանում սկսել են կիրառել «ցավալիորեն ծանոթ բրյուսելյան ձեռնարկները»։
Մայիսի 5-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե «հյուսիսային հարևանը հիբրիդային պատերազմ է վարում» Հայաստանի դեմ և կանխատեսել է, որ դա կուժեղանա 2026 թվականի ընտրություններից առաջ։