Հնդկաստանը մայիսի 7–ի վաղ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի վերահսկողության տակ գտնվող մի քանի վայրերում, ինչի հետևանքով, ըստ Պակիստանի ռազմական պաշտոնյաների, զոհվել է առնվազն 26 մարդ, ևս 46-ը վիրավորվել։ Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ հարվածներն ուղղված են եղել զինյալների կողմից օգտագործվող ենթակառուցվածքների դեմ, որոնք պատասխանատու են անցյալ ամսվա ընթացքում Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զբոսաշրջիկների վրա կատարված մահացու հարձակման համար, գրում է CBS News-ը։
Իսկ Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ հարվածներ են հասցվել 5 բնակավայրի, որոնց արդյունքում զոհվել է առնվազն 8 մարդ, իսկ 35-ը վիրավորվել է։
Samaa հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 61-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հրթիռային հարվածները հասել են մի քանի տարածքների, այդ թվում՝ Մուրիդկե և Բահավալպուր Փենջաբ նահանգում, ինչպես նաև Կոտլի և Մուզաֆարաբադ Ազադ Ջամու և Քաշմիրում։ Մեկ հրթիռ հարվածել է Բահավալպուրի մզկիթին, ինչի հետևանքով սպանվել է մի երեխա, իսկ մի կին և մի տղամարդ վիրավորվել են, ինչպես հաղորդում են Պակիստանի իշխանությունները։
Պակիստանի զինված ուժերը հայտարարել են, որ խոցել են հինգ հնդկական կործանիչ և մեկ անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ոչնչացրել են հնդկական բրիգադի շտաբը։ Սակայն Հնդկաստանը չի հաստատել այս պնդումները։ Պակիստանի բանակի խոսնակը հայտնել է, որ հրթիռները արձակվել են Հնդկաստանի տարածքից, և որ որևէ հնդկական օդանավ չի մուտք գործել Պակիստանի օդային տարածք։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիըֆը դատապարտել է հարձակումները՝ դրանք անվանելով վախկոտության գործողություն։ «Պակիստանը լիովին իրավունք ունի պատասխանել Հնդկաստանի պարտադրված ռազմական գործողությանը, և համապատասխան պատասխան է տրվում», - ասել է Շարիըֆը։
Մուզաֆարաբադի բնակիչները հայտնել են, որ կեսգիշերից հետո լսել են մի քանի բարձր պայթյուններ, որին հաջորդել է ամբողջ տարածքում էլեկտրականության լիակատար անջատում։
«Մենք հենց նոր էինք պատրաստվում քնել, երբ տեղի ունեցավ հսկայական պայթյուն, դա շատ մեծ և սարսափելի պայթյուն էր», - CBS News-ին ասել է մզկիթի մոտ բնակվող Չաուդհրի Ղուլամ Ռասուլը։
Հնդկաստանի Պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ թիրախավորվել է առնվազն ինը վայր, «որտեղ Հնդկաստանի դեմ ահաբեկչական հարձակումներ են պլանավորվել»։
«Մեր գործողությունները կենտրոնացված, չափավոր և չսրացնող բնույթ են ունեցել։ Պակիստանի ռազմական օբյեկտները չեն թիրախավորվել», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ «Հնդկաստանը զգալի զսպվածություն է ցուցաբերել թիրախների ընտրության և գործողությունների իրականացման մեթոդի հարցում»։
«Մենք կատարում ենք մեր պարտավորությունը՝ պատասխանատվության ենթարկել այս հարձակման պատասխանատուներին», - հավելել է նախարարությունը։
Լարվածության աճը Հնդկաստանի և Պակիստանի միջև սկսվել է ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որը տեղի է ունեցել Պահալգամ քաղաքի մոտ՝ Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում։ Մի քանի զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա Բայսարան հովտում՝ հայտնի զբոսաշրջային վայրում։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» անունով միավորումը, որը կապված է ահաբեկչական «Լաշքար-է-Թայբա» կազմակերպության հետ։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ Նեպալի քաղաքացի։