7 մայիսի 2025 - 14:17 AMT
Հունան Պողոսյանը և ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն ապօրինի գույքի գործով

Սյունիքի նախկին մարզպետ, ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն:

Հունան Պողոսյանը, կինը՝ Նունե Պողոսյանը և որդին՝ Հովհաննես Պողոսյանը, հրավիրվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, որ ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում, հայտնում է «Հետքը»։

Այս փուլում դատախազությունը չի ներկայացրել մանրամասներ այն գույքի մասին, որն առերևույթ կարող է հանդիսանալ բռնագանձման առարկա։ Ըստ հիմնավորման՝ այս պահին հնարավոր չէ հստակեցնել ենթադրվող բռնագանձման ենթակա գույքի ցանկը, քանի որ այն կարող է վերանայվել՝ շահագրգիռ անձանց փաստարկները և ապացույցները ներկայացնելուց հետո։

Հունան Պողոսյանը 2010 թվականին նշանակվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնում և պաշտոնավարել ութ տարի՝ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը, որից հետո ներկայացրել է հրաժարական։ Այդ ժամանակահատվածից առաջ նա զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ իրավապահ համակարգում։ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին նա նշանակվել էր Սյունիքի մարզպետ։