Մայիսի 7-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ–ից, տեղեկացնում է 1Lurer.am-ը։
Փրկարար ծառայության և Ոստիկանության ներկայացուցիչները որոնումներն իրականցրել են թե՛ Մարմարիկ բնակավայրի ներսում ու հարակից տարածքներում, և թե՛ Մարմարիկ գետի երկայնքով, ինչպես նաև Աղբյուրակի ջրամբարում։
Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված է ավելի քանի 170 փրկարար, այդ թվում՝ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 150 ծառայող, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։
Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։
«Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել է մոտ 2 տասնյակ տրանսպորտային միջոց։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրել էՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը:
Տիգրանի անհետացման հնարավոր պատճառների թվում քննարկվում է նաև այն, որ նա գուցե ընկել է տան մոտով հոսող Մարմարիկ գետը։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ հարակից խանութի տեսախցիկները չեն արձանագրել երեխայի գետն ընկնելու պահը։ Չնայած դրան, որոնողական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն ԱԻՆ փրկարարները, այլև փրկարար շներ ու ջրասուզակներ։
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքում անհետացած 2 տարեկան երեխայի գործով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։