7 մայիսի 2025 - 14:25 AMT
Համայնքապետարան․ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի ցուցադրության համար առաջարկվել է «Սյունիք» կինոթատրոնը

Կապանի համայնքապետարանն անդրադարձել է համացանցում ակտիվ շրջանառվող այն հրապարակմանը, որ «Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը»։

Նշվում է, որ ֆիլմի ցուցադրության համար առաջարկվել է «Սյունիք» կինոթատրոնը, որը երկար դադարից հետո վերագործարկվել է համայնքի ղեկավարի ջանքերով, և այժմ հանդիսանում է համայնքի ենթակայությամբ գործող ժամանակակից տեխնիկայով հագեցած հաստատություն, նախատեսված բարձրորակ կինոցուցադրությունների համար։

«Կապան համայնքը, ի տարբերություն Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքների, ունի մասնագիտացված կինոթատրոն, ինչը կապանցիներին ընձեռում է այն բացառիկ հնարավորությունը, որն այսօր շատ համայնքներում պարզապես հասանելի չէ։

Հետևաբար, համայնքապետարանն առաջնորդվելով կապանցիների լավագույն շահերով, նպատակահարմար է համարում, որ ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվեն ոչ թե չհարմարեցված կամ այդ նպատակով չնախատեսված դահլիճներում, այլ բացառապես մասնագիտացված, ֆիլմերի բարձր որակով ցուցադրման համար տեխնիկապես կահավորված կինոթատրոնում։

Հ․Գ․Իսկ ինչ վերաբերում է արժեքներին և բարոյականությանը, ապա եթե «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի արտադրողները կամ կազմակերպիչները չեն հետապնդում շահույթ ստանալու նպատակ, համայնքապետարանը պատրաստակամ է ֆիլմի անվճար ցուցադրման պարագայում, կինոթատրոնի դահլիճը տրամադրել անվճար՝ անհրաժեշտ ժամանակահատվածով»,–ասվում է հայտարարության մեջ։

Genetic Production ընկերությունը հայտարարել էր, որ Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով: Genetic Production -ի հիմնադիր Նոնո Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է։ Նա ասել է, որ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իր տարիների երազանքը։

«Ցավում ենք սիրելի կապանցիներ ջան, և ցավում ենք նաև մեր երկրի համար, որ նման արժեքներ ունեցող մարդիկ կան … Ցավով տեղեկացնում ենք, որ Կապանում ցուցադրություն չի լինելու»,– ասվում է հայտարարության մեջ։