Ազգային ժողովում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի քննադատությանը։
Մանուկյանն ասել է, որ պարեկները ամսական ստանում են 371 հազար դրամ աշխատավարձ, իսկ մարտական դիրքերում ծառայող պայմանագրային զինծառայողները՝ օրական ընդամենը 1700 դրամ։
«Պարոն Մանուկյան, այդ ի՞նչ թվաբանություն է: 1700 դրամ մեկ օրվա համար աշխատավարձ, որ ասում եք, կազմում է ամսական 60 հազար դրամից քիչ: Դա Հայաստանի նվազագույն աշխատավարձից քիչ է: Չի կարող նման աշխատավարձ լինել: Գոյություն չունի, անհնար է նման աշխատավարձ լինի: Այսինքն՝ մենք ունենք զինծառայող, որ ամսական 50 հազար դրամ աշխատավա՞րձ է ստանում: Պարոն Մանուկյան, չկա տենց բան»,- հայտարարել է Ալեքսանյանը, հայտնում է 1lurer.am-ը։
https://www.1lurer.am/hy/2025/05/07/1/1309181
Վերջինս հավելել է, որ ՀՀ ոստիկանության համակարգում պարեկների և այլ ծառայողների բարձր վարձատրությունն արդարացված է, ինչպես նաև անհրաժեշտ է բարձրացնել զինծառայողների աշխատավարձերը։
«Առհասարակ, ՀՀ պետական ծառայողները պետք է ստանան բարձր աշխատավարձ»,- ընդգծել է պատգամավորը՝ նշելով, որ այս ուղղությամբ իրենք քայլեր ձեռնարկել են:
«Ոչ մի իշխանություն այդքան քայլ չի ձեռնարկել ու այդքան աշխատավարձ չի բարձրացրել, ինչքան մենք: Նույն զինծառայողների աշխատավարձը ոչ ոք այդքան չի բարձրացրել, որքան մենք: Չեմ հասկանում՝ ինչ եք ուզում պարեկներից: Անկեղծ, ինձնից շատ ոչ ոք շատ չի ուզում, որ մեր զինծառայողները ստանան հնարավոր ամենաբարձր աշխատավարձը, ու դրա ուղղությամբ ամեն ինչ արվում է, բայց չի կարելի անընդհատ թիրախավորել պարեկներին: Պարեկները հո օդից չեն ընկել էս երկրում: Էդ մարդիկ, օրինակ, նույն էն տղերքն են, որ սահման են պահել, նույն մարդիկ են, որ զինծառայություն են անցել: Մեր քաղաքացիներն են: Կոնկրետ խավ է, որի նկատմամբ ատելություն եք սերմանում:
«Եկեք ասեք, օրինակ՝ բարձրացրեք սերժանտների աշխատավարձը, ես էլ ասեմ՝ այո, եկեք բարձրացնենք ինչքան հնարավոր է»,- հայտարարել է պատգամավորը:
Մանուկյանի հայտարարություններին անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ ճշտել է նշված տվյալները։
«Ձեր ասած՝ օրական 1700 դրամ աշխատավարձ հասկացություն առհասարակ չունենք: Մինիմալն եմ ասում՝ մարտական հերթապահություն իրականացնողներինը մոտ 4000 դրամ է, սակայն կապված դիրքերի կահավորման վիճակից՝ նաև գումար է ավելանում դրա վրա, այսինքն՝ առնվազն 4000 դրամ աշխատավարձ է ստանում, դրան գումարվում է հավելում: Այն աշխատավարձը, որ դուք նշեցիք՝ 220 հազար դրամի չափով, դա մինիմալն է»,- պարզաբանել է Սարգսյանը:
Նա հավելել է, որ եթե սերժանտը լավ ատեստավորվել է, ապա անգամ ամենացածր պաշտոնում նրա աշխատավարձը կարող է հասնել մոտ 490 հազար դրամի։
«Կարծում եմ՝ սա հրապուրիչ է, սա գրավիչ է, և մենք սա կարող ենք հիրավի համարել որպես դրական մոտեցում թե՛ սոցիալական վիճակի բարելավման իմաստով, թե՛ մեր զինված ուժերը պատրաստված սերժանտներով համալրելու իմաստով»,- նշել է պաշտպանության նախարարի տեղակալը։