ՀՀ Ազգային ժողովի մայիսի 7-ի նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիշեցրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ նոր կանոնակարգը, ըստ որի՝ ծխախոտի տուփերի վրա պարտադիր պետք է լինեն ծխելու հետևանքների մասին զգուշացնող գրաֆիկական պատկերներ։
Արդար մրցակցային պայմաններ ստեղծելու, սպառողների շահերը պաշտպանելու և հանրային առողջությանն ավելի ուշադիր վերաբերվելու նպատակով առաջարկվել է տուգանքի չափը բարձրացնել։
«Առաջարկվում է 400 հազար դրամը դարձնել նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Վստահ եմ, որ բոլոր այդ ընկերությունները շատ արագ կվերադառնան բարեխիղճ վարքագծի և տնտեսական մրցակցության արդար կանոններով կշարժվեն»,- ասել է Պապոյանը, հայտնում է 1lurer.am-ը։
«Կային դեպքեր, որ ուղղակիորեն հայտարարում և ասում էին, որ մենք խախտում ենք ու կվճարենք 400 հազար դրամ տուգանքը, ապա կշարունակենք արտադրել: Դուք 400 հազար դրամ տուգանք ենք դրել, իսկ մենք 400 հազար դրամին համարժեք վարքագիծ ենք դրսևորում: Շուկայում այնպիսի իրավիճակ էր առաջացել, որ որոշ ընկերություններ չէին տպում այդ գրաֆիկական պատկերները»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ կանոնակարգի նպատակն է նվազեցնել ծխողների թիվը՝ միջազգային փորձով ապացուցված մեթոդով։ Մինչդեռ որոշ արտադրողներ և ներմուծողներ փորձել են շրջանցել այս պահանջը, իսկ որոշներն ուղղակիորեն հայտնել են, որ խախտում են օրենքը՝ նախընտրելով վճարել սահմանված 400,000 դրամ տուգանքը։
Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը հավելել է, որ անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ այն ընկերությունները, որոնք չեն կիրառել գրաֆիկական պատկերների պահանջը, ավելացրել են վաճառքները։ Իսկ օրենքին համապատասխանող ընկերությունների վաճառքները նվազել են, ինչն ըստ Թունյանի՝ խեղաթյուրել է մրցակցային դաշտը։
Թունյանը նաև հանդես է եկել առաջարկով, որպեսզի նախագիծն անցնի երկրորդ ընթերցում արդեն 24 ժամվա ընթացքում՝ հնարավորինս շուտ ընդունելու նպատակով։