7 մայիսի 2025 - 16:54 AMT
ԱՄՆ դեսպանատունը մայիսի 30–ից անցնում է հարցազրույցի ամրագրման նոր առցանց համակարգի

Երևանում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի: Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման ներկայիս համակարգը կդադարի գործել։

«Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և դուք այլևս չեք կարողանա.

  • հարցազրույցի օր ամրագրել,
  • սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել,
  • հարցազրույցին չներկայանալու մասին (no-show) հայտ ներկայացնել,
  • հարցազրույցի՝ ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել»,–ասվում է հրապարակման մեջ։

Դեսպանատունը նաև ընդգծել է, որ գործող համակարգով վճարման անդորրագիր ստանալու և գումար փոխանցելու վերջնաժամկետը սահմանվել է մայիսի 14-ը։

«Արդեն ունե՞ք ամրագրված հարցազրույցի օր։ Այցելեք նշանակված օրն ու ժամին սովորական կարգով։

Ցանկանու՞մ եք հարցազրույցի օր ամրագրել։ Եթե առկա են ազատ ամսաթվեր, որոնք համապատասխանում են ձեր ճանապարհորդական ծրագրերին, կարող եք ամրագրել հիմա ։

Ձեզ անհրաժե՞շտ է հարցազրույցի օր մայիսի 30-ից հետո։ Կարող եք ամրագրել հիմա և տեղափոխել ձեր օգտահաշիվը նոր համակարգ։

Առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունե՞ք։ Հետևե՛ք մեզ՝ նոր կոնտակտային տվյալների և կայքէջի վերաբերյալ թարմացումներին ծանոթանալու համար։

Շուտով կհրապարակենք լրացուցիչ ցուցումներ նոր համակարգում վճարումներ կատարելու և օր ամրագրելու մասին»,–ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։