7 մայիսի 2025 - 17:22 AMT
Արվեստի ստեղծագործությունների առուվաճառքի կանոնակարգման օրինագիծ է մշակվել

ՀՀ կառավարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որն ուղղված է արվեստի ստեղծագործությունների առուվաճառքի հարաբերությունների կարգավորմանը, մասնակիցների շահերի պաշտպանությանը և ոլորտում շուկայական նոր հարաբերությունների ձևավորմանը։

Այդ մասին Ազգային ժողովի մայիսի 7-ի հերթական նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ներկայացնելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը և կից օրենսդրական փաթեթը։

Նախագծով սահմանվում են մշակութային արժեքների ու մշակութային նշանակության առարկաների աճուրդների կազմակերպման և իրականացման կանոնները, ինչպես նաև այդ գործընթացի շրջանակում ծագող իրավահարաբերությունների կարգավորման դրույթները։

«Օրենքի հիմնական նպատակներն են՝ խթանել ստեղծարար ոլորտներում ներդրումային հոսքերը, նպաստել ժամանակակից արվեստագետների հանրայնացմանը և ֆինանսական ինքնանաբավությանը, կանխարգելել մշակութային ժառանգության ապօրինի տեղաշարժերը, զարգացնել միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես ապահովելով միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավումը հայկական շուկա»,- ասել է փոխնախարարը։

Նշվել է, որ մշակութային աճուրդների կազմակերպման գործունեությունը կլիցենզավորվի։ Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ:

Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը: Նրա խոսքով` նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ աշնանային նստաշրջանում: Մինչ այդ օրենսդրական փաթեթը կլրամշակվի՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով նաև աշխատանքային քննարկում: