7 մայիսի 2025 - 17:23 AMT
ՊՆ–ն սերժանտների աշխատավարձը բարձրացնելու նախագիծ է ներկայացրել

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է սահմանել գլխավոր շտաբի, բանակի և կորպուսի սերժանտների պաշտոններ և նրանց համար նախատեսել բազային աշխատավարձի բարձրացում։ Այդ մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` ներկայացնելով «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Սերժանտների վարձատրությունը լինելու է տարբերակված՝ կախված նրանց ծառայության վայրից՝ շտաբում թե առաջնագծում։ Նրանց համար նախատեսված նվազագույն աշխատավարձը կազմում է 220 հազար դրամ։ Եթե սերժանտները սերտիֆիկացման փուլում ստանան «լավ» գնահատական, այդ նվազագույն շեմը կբարձրանա մինչև 490 հազար դրամ,հայտնում է Sputnik Արմենիան։

Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես է եկել քննադատությամբ՝ ներկայացնելով դեպք, երբ դիպուկահար ծանոթ զինծառայողը, որի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, չի անցել ատեստավորման շարային պատրաստության խնդրի պատճառով։ Նրա խոսքով՝ նման ձևական մոտեցումները կարող են վնասել համակարգի արդյունավետությանը։

Բացի այդ, Մանուկյանը կոչ է արել բարձրացնել զինծառայողների աշխատավարձերը՝ առանց ատեստավորման պարտադիր պահանջի։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հաղորդմամբ՝ 2024 թվականին ատեստավորմանը մասնակցել է 13,500 զինծառայող, որոնցից 57 տոկոսը ստացել է դրական գնահատական։ Նախարարի խոսքով՝ այդ ընթացակարգի արդյունքում զինծառայողների աշխատավարձը 205 հազար դրամից հասել է մինչև 470 հազար դրամի։