7 մայիսի 2025 - 17:52 AMT
«Հայորդի» ճամբարը՝ «Մի դրամի ուժի» մայիս ամսվա շահառու

«Մի դրամի ուժն» ամփոփել է ապրիլ ամսվա արդյունքները, և, ինչպես հայտարարվել էր նախապես, հավաքագրված ամբողջ գումարը՝ 4,919,726 դրամն ուղղվել է պատերազմներին մասնակցած տղաների սոցիալ-կրթական հարցերով զբաղվող «4090» բարեգործական հիմնադրամին։

Իսկ մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն է, որը ստեղծվել է 2020 թվականից հետո՝ միավորելու և աջակցելու պատերազմում զոհված հերոսների ընտանիքների երեխաներին:

«Հայորդի» ճամբարը համանուն հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն է, որն ամեն ամառ անցկացվում է Հանքավանում և իր հարկի տակ հյուրընկալում է Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններից 6-13 տարեկան 300-ից ավելի երեխաների։

Իդրամ և IDBank ընկերությունների հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է. «Մեծ անհամբերությամբ ենք սպասում «Հայորդի» ճամբարին, քանի որ այն հրաշալի առիթ է նորից հանդիպելու, շփվելու մեզ արդեն հարազատ դարձած երեխաների հետ, որոնք կյանքի բարդագույն փորձություններ հաղթահարելուց հետո, կարծես թե վերադառնում են բնականոն մանկություն։ Նշեմ, որ բացի ֆինանսական բաղադրիչից, ճամբարին միանալու ենք նաև կրթական ծրագրով ու երեխաների հետ անցկացնելու ենք ֆինանսական գրագիտության հետաքրքիր ու կարևոր դասընթաց։ Ի դեպ, «Մի դրամի ուժն» ու «Հայորդին» տարեկիցներ են և այս տարի նշում ենք մեր 5-ամյակները։ Շնորհավորում եմ և ուրախ եմ, որ այս ամբողջ ժամանակահատվածը երկուստեք լի է եղել բազմաթիվ կարևոր համագործակցություններով»։

«Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» առաջիններից է եղել, որ կանգնել է հիմնադրամի կողքին։

«IDBank-ը և Իդրամը 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից տարբեր նախաձեռնությունների և ծրագրերի միջոցով ապացուցել են, որ ամենակարևոր արժեքը մարդն է՝ լինելով Հայրենիքի համար իրենց կյանքը զոհված հայորդիների ընտանիքների կողքին։ Անչափ ուրախ եմ, որ հենց նրանք են մեր գործընկերները և մշտապես մեր երեխաների կողքին են։ Շնորհակալ ենք «Մի դրամի ուժին»՝ տարիներ շարունակ բարին գործելու և մեր հերոսների ընտանիքների կողքին լինելու համար»,-նշել է Վաչե Վարդանյանը։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։