7 մայիսի 2025 - 18:53 AMT
Փաշինյանը` նախկին նախագահներին. Բան ունեք ասելու, եկեք ուղիղ եթերում խոսենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ նախկին նախագահներին, կրկին հորդորել է նրանց խոսել ուղիղ եթերում։

«Լևոն Տեր-Պետրոսյա՛ն, Ռոբերտ Քոչարյա՛ն, Սերժ Սարգսյա՛ն, հերիք է գնաք, մութ անկյուններում խոսեք, բան ունե՞ք ասելու, եկե՛ք գնանք ուղիղ եթերում խոսենք»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա այդ մասին խոսել է՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Հայկական Համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարություններին։

«Այդ մարդկանց ասել եմ՝ հերի՛ք ա կամ միամիտ, կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք ու լուրջ դեմքով բաներ պատմեք։ Լսե՛ք, բան ունե՞ք ասելու, էլի կրկնում եմ, եկեք գնանք, խոսանք ուղիղ եթերում, հերիք ա գնաք ըտենց մութ անկյուններում, առաձնացված խոսենք։

Ինչի՞ մասին եք ուզում խոսենք, ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասին խոսե՞նք, պատերազմը հետաձգել-չհետաձգելու մասին խոսե՞նք, ինչի՞ մասին եք ուզում խոսենք, եկեք գնանք, խոսենք։ Ինչքա՞ն պետք է գնան թաքուն, ըստեղ-ընդեղ, էս պատի տակ, էն ծառի տակ, էն անկյունում, ինչքան մութ՝ այնքան լավ, նստեն խոսեն։ Բան ունե՞ն խոսելու՝ Լևոն Տեր-Պետրոսյա՛ն, Ռոբերտ Քոչարյա՛ն, Սերժ Սարգսյա՛ն, ասում եմ՝ գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսենք, ինչի՞ չեք գալիս»,-ասել է Փաշինյանը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն իր Պրահայում արված հայտարարությամբ Ռուսաստանին զրկել է միջնորդ լինելու դերից, վարչապետը արձագանքել է հետևյալ կերպ.

«Ես խոսել եմ որ դրան նախորդող շրջանում տեսնելով զարգացումները՝ ՀԱՊԿ-ին ասել եմ, որ ես տեսնում եմ ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ռիսկ, ՀԱՊԿ-ից ասել են, որ դա հնարավոր չեն համարում, բայց ՀՀ սահմաններն իրենց համար կարմիր գիծ են։ Երբ որ տեղի է ունեցել 2022թ.-ի սեպտեմբերյան պատերազմը, երբ ՀՀ տարածք ներխուժում է տեղի ունեցել, դրանից առաջ էլ է եղել, ես այդ երկխոսությունը համարել եմ ՀՀ համար անհարգալից, և ես, այո, որոշում եմ կայացրել, որ ՀՀ կառավարությունը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը»։

Փաշինյանը հավելել է, թե որքան էլ կարող է տարօրինակ թվալ, բայց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ինքը, որպես Հայաստանի վարչապետ, ճանաչել է երկրի տարածքային ամբողջականությունը։

«Այո, նաև հարևանների տարաքծային ամբողջականությունը, որովհետև մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամոբղջականությամբ․ իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն այս մտքի հետ բանավեճ ունեն, ուղիղ եթերում շարունակում եմ նրանց հրավիրել բանավեճի։ Ազնիվ բան եմ չէ՞ առաջարկում՝ մեկն ընդդեմ երեքի»,-ասել է նա։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատերազմից հետո ՀՀ ղեկավարը՝ Պրահայում արված հայտարարությամբ Ռուսաստանի տակից հանեց միջնորդի աթոռը։

2022թ․ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: