Մայիսի 7–ին Ազգային ժողովում այսօրվա նիստի ընթացքում իրավիճակը լարվել է, երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, թե վերջինս չունի քաղաքական կամք՝ կոռուպցիոն սկանդալներում ներգրավված իր թիմակիցներին պատասխանատվության ենթարկելու համար։ Նա նշել է, որ մամուլում ներկայացված մեղադրանքները որևէ իրավական ընթացք չեն ստացել։
«Դուք քաղաքական կամք չունեք սեփական թիմին պատասխանատվության ենթարկելու, մի մեղադրյալ ԱՆԻՖ-ի գործով չկա, այստեղ հպարտանալու ի՞նչ կա, առհասարակ մամուլի հրապարակումների մասին հպարտանալու ի՞նչ կա, եթե դրանց ընթացք չկա», – ընդգծել է Գրիգորյանը, հայտնում է «Ազատությունը»։
Սրան ի պատասխան վարչապետը հայտարարել է՝ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա ընդդիմադիրները կհայտնվեն ԱԱԾ «պադվալում»՝ որպես «5-րդ անիվ»:
«Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն: Որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես: Այսինքն մամուլը ... բա ձե՞ր մասին ինչ են գրում մամուլի հոդվածները, դուք ընդհանրապես ինչի՞ եք ազատ։ Ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, ի՞նչ գործ ունեք դուք էս դահլիճում ընդհանրապես նստած: Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ՝ սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը: Առաջինը դու պիտի գնաս ու կգնաս», – հունից դուրս է եկել վարչապետը՝ հավելելով, որ պատգամավորները չպետք է սադրեն իրեն կամ «ուտեն իր նյարդերը»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջել է նիստը՝ նա կոշտ նախազգուշացում է հղել Քրիստինե Վարդանյանին՝ վարչապետին «դու»-ով դիմելու համար և սպառնացել է նրան հեռացնել նիստերի դահլիճից, հայտնում է Panorama.am-ը։
«Դու»-ով չխոսաս, «դու»-ով չխոսաս երկրի վարչապետի հետ, չափերիդ մեջ մնա։ Դուրս կշպրտեմ այս դահլիճից։ Ասում եմ՝ «դու»-ով չխոսաս։ Ես մինչև իշխանություն ունենալն էլ եմ տենց խոսացել ու քո շեֆերի հետ եմ խոսացել»,–հայտարարել է Սիմոնյանը՝ անմիջապես հայտարարելով ընդմիջում։