8 մայիսի 2025 - 19:08 AMT
«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է։ Այդ մասին հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հայտնում է Sputnik Արմենիան։

«Գործընթացն արդեն տևական ժամանակ է՝ սկսվել էր։ Մայիսի 6-ին օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը կասեցվել է»,- նշել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, առանց որի որևէ ավիաընկերություն չի կարող թռիչքներ իրականացնել։ Այն ունենալու գլխավոր պայմանը թռիչքների համար պիտանի օդանավ կամ վարձակալության մասին պայմանագիր ունենալն է: Քանի որ ավիաընկերությունն այս պահին չունի որևէ պիտանի օդանավ, ապագրանցում է կատարվել։

Վկայականի կասեցման ժամկետը սահմանված է վեց ամիս։ Եթե այդ ընթացքում ավիաընկերությունը չներկայացնի պիտանի ինքնաթիռ կամ դրա վարձակալության վերաբերյալ պայմանագիր, ապա ՕՇՎ-ից կզրկվի ամբողջությամբ։

Մարտի 17-ին «Հայկական ավիաուղիները» հայտարարել էր, որ ապրիլի 7-ից ժամանակավորապես կդադարեցնի իր թռիչքները։ Նշված է եղել, որ այս որոշումն ընդունվել է նավատորմի թարմացման և նոր ինքնաթիռների ձեռքբերման պատճառով։

«Հետքը» ապրիլի 19-ին տեղեկացրել է, որ ավիաընկերությունը վերջերս ունեցել է երկու Airbus A321 տիպի օդանավ՝ գրանցված EK-AAD և EK-AAB անուններով։ EK-AAD-ը Հայաստան է տեղափոխվել 2022-ի դեկտեմբերին ու գրանցվել ՀՀ ռեգիստրում, սակայն 2024-ի ապրիլի 9-ին հեռացել է Երևանից ու վայրէջք կատարել Անթալիայում՝ միանալով թուրքական Southwind Airlines-ին և ստանալով TC-GRF գրանցումը։ Մյուս ինքնաթիռը՝ EK-AAB-ը, որը 2023-ի ապրիլին է գրանցվել ՀՀ-ում, այս տարվա հունվարից մնացել է կայանված «Զվարթնոց» օդանավակայանում, մինչև մարտի 25-ին թռել է Ստամբուլ ու նույնպես գրանցվել Southwind Airlines-ի կազմում՝ TC-GRG անունով։