ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության վարույթում գտնվող քննության շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձ և պարգևավճար ստանալու, առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին, թե ինչ զարգացումներ կան ԱՆԻՖ-ի գործով, և թե ինչ փուլում է այն:
Դատախազը դրական է պատասխանել Սիմոնյանի այն հարցին, թե արդյոք նախկին կամ ներկա պաշտոնյաներ հարցաքննվե՞լ են այս գործի շրջանակում, հայտնում է 1lurer.am-ը։
«Մեկ դրվագով բավականին լուրջ գումարի՝ մոտ 2 մլն դոլարի մասին է խոսքը, արդեն ունենք հեռանկարում քննություն, նկատի ունեմ քրեական հետապնդում: Այո՛, հարցաքննվել են և շարունակում են հարցաքննվել վարույթի շրջանակում տարբեր կարգավիճակներով պաշտոնատար անձինք, որոնք առնչություն են ունեցել ԱՆԻՖ-ի գործունեության հետ»:
Գլխավոր դատախազը մատնանշել է մի շարք ընկերություններ, որոնց հետ համագործակցության ընթացքում կարող են տեղի ունեցած լինել չարաշահումներ։ Այդ կազմակերպությունների թվում են՝ Fly Arna, Global Connect, «Մասդար», Apaga Projects և մի շարք այլ ընկերություններ։
«Յուրաքանչյուր դրվագ, որ շրջանառվում է մամուլում, շրջանառվում է հենց այս ընկերությունների հետ կապված դրվագները նկարագրելով: Սրանք բոլորը քննության առարկա են Քննչական կոմիտեում»,- ընդգծել է Վարդապետյանը՝ հավելելով, որ առաջիկայում հանրությանը կներկայացվեն գործի արդյունքները։ Նա նաև նշել է, որ քննության արդյունավետությունը չվնասելու համար այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։