8 մայիսի 2025 - 19:20 AMT
Սահակյան․ ՀՀ–ն կատարել է ՄԻԵԴ որոշումների 65%-ը, Ադրբեջանը՝ ընդամենը 36%-ը

Երևանում ընթացող Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովում «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, խոսելով ՄԻԵԴ որոշումների կատարման վիճակի մասին, նշել է, որ ՀՀ–ն կատարել է ՄԻԵԴ որոշումների 65 %-ը, Ադրբեջանը՝ ընդամենը 36-ը:

Նա նշել է, որ 2025 թ․ դրությամբ Հայաստանի դեմ եղել է 214 գործ, որոնցից 140-ը՝ կամ 65 տոկոսը, համարվել է կատարված։ Վրաստանի պարագայում 194 գործից կատարված են 118-ը՝ մոտ 61 տոկոս, Ադրբեջանում, սակայն, 535 գործից միայն 192-ն է համարվել կատարված՝ ընդամենը 36 տոկոս, հայտնում է Panorama.am-ը։

«Այս ցուցանիշը ևս ցուցադրում է, որ Ադրբեջանը միջազգային գործընկերության համագործակցության տեսանկյունից ոչ միշտ է հարգում միջազգային պարտավորությունները»,- ընդգծել է Սահակյանը։

Իրավապաշտպանը նշել է նաև, որ միջազգային զեկույցների համաձայն՝ Հայաստանի դատական համակարգում բարեփոխումներն ընթանում են առանց ամբողջական ռազմավարության, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը չի ընկալվում որպես լիարժեք անկախ կառույց։

Ըստ Սահակյանի, Վրաստանում իրավիճակը նույնպես մտահոգիչ է՝ իրավական համակարգը գտնվում է դատական փակ խմբի վերահսկողության տակ, ինչն ապահովում է ոչ թափանցիկ և անպատասխանատու աշխատանքային միջավայր։

Նա ընդգծել է, որ տարբեր զեկույցներում առավել մտահոգիչ է համարվում Ադրբեջանի իրավիճակը, որտեղ դատական համակարգը ծառայում է որպես գործադիր իշխանության շարունակություն։ Մասնավորապես, քաղաքական գործերով վճիռները հիմնված են ինքնախոստովանական ցուցմունքների վրա, որոնք շատ դեպքերում ստացվում են խոշտանգումների միջոցով։ Դատավարություններն ընթանում են ձևական ընթացակարգերով, իսկ իրավապաշտպաններն ու լրագրողները ենթարկվում են հետապնդումների և քրեական հետապնդման։ Ներկայումս Ադրբեջանում առնվազն 250 քաղբանտարկյալ կա։

«Սա թույլ է տալիս դատական համակարգը բնութագրել որպես քաղաքական ճնշման, վերահսկման գործուն միջոց»,- ասել է Սահակյանը։

Նա նշել է, որ այս գնահատականները համընկնում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների տրամաբանության հետ։ Մասնավորապես, արդար դատաքննության իրավունքի խախտման մասով ՄԻԵԴ-ը կայացրել է 27 որոշում Հայաստանի, 93 որոշում Ադրբեջանի և 15 որոշում Վրաստանի դեմ։

Սահակյանը հիշեցրել է, որ ՄԻԵԴ-ն ընդհանուր առմամբ արձանագրել է 31 խախտում Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի շրջանակում, որը վերաբերում է իրավական գործընթացների քաղաքական նպատակներով չարաշահման դեպքերին։ Դրանցից 11-ը վերաբերել է Ադրբեջանին՝ կազմելով 35․5 տոկոս, ինչը վկայում է այդ երկրում համակարգային քաղաքական ճնշումների առկայության մասին։