ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն հայտարարել է, որ ԱՄՆ գործող վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը, այդ թվում՝ ՀՀ և Ադրբեջանի միջև։ Նա այդ մասին գրել է X–ի իր միկրոբլոգում։
Նա նշել է, որ պատիվ է ունեցել ականատես լինելու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ջանքերին՝ ուղղված լարվածության թուլացմանը Հնդկաստանի և Պակիստանի միջև, նրանց առաջնորդների հետ հեռախոսազրույցների միջոցով։
«Նախագահ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հստակեցրել են իրենց վարչակազմում աշխատողների համար, որ մեր նպատակն է խթանել խաղաղությունը և աջակցել դրան՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և նրա հարևանների, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև:
Որպես դիվանագետներ, և, որպես մարդ, մեր կոչումն է կանխել կամ դադարեցնել պատերազմը: Հպարտ ենք, որ մեր թիմն ի վիճակի եղավ այսօր կատարել այդ խոստումը, և գովեստի խոսքեր ենք հղում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարությանը՝ խոհեմության և զսպվածության համար»,– գրել է նա։
Վաշինգտոնի միջնորդությամբ Հնդկաստանն ու Պակիստանը անհապաղ և ամբողջական հրադադարի համաձայնության են եկել։
Հնդկաստանը մայիսի 7–ի վաղ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի վերահսկողության տակ գտնվող մի քանի վայրերում, ինչի հետևանքով, ըստ Պակիստանի ռազմական պաշտոնյաների, զոհվել է առնվազն 26 մարդ, ևս 46-ը վիրավորվել։ Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ հարվածներն ուղղված են եղել զինյալների կողմից օգտագործվող ենթակառուցվածքների դեմ, որոնք պատասխանատու են անցյալ ամսվա ընթացքում Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զբոսաշրջիկների վրա կատարված մահացու հարձակման համար: