«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրելու կասկածանքով ձերբակալվածը 22-ամյա երիտասարդ է։
Ստեփանյանն ասել է, որ դեռևս առերեսում չի ունեցել նրա հետ։ Ըստ ավագանու անդամի՝ երիտասարդը, նախնական տվյալներով, դեպքի վայր հասել է հոր ուղեկցությամբ՝ մոպեդով:
«Չեմ առերեսվել, չեմ ճանաչում, բայց միանշանակ շարժառիթը քաղաքական է: Ինքն ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ, հետաքրքիր է դրդապատճառը»,- ասել է Գևորգ Ստեփանյանը, հայտնում է Aravot.am-ը։
Ըստ նրա՝ նախքան այրելը, ջարդել են մեքենայի ապակին, բենզին լցրել մեքենայի մեջ։
«Մի թեթև վառվելուց հետո, քանի որ մեքենայի տանիքն ամբողջությամբ ապակուց է, էդ տաքությունից տրաքել է: Այդ ձայներից ենք զարթնել: Մինչև իջանք ներքև, մեքենայի մեջն ամբողջությամբ վառվել էր»,–ասել է նա։
Ստեփանյանի փոխանցմամբ՝ կասկածյալը ձերբակալվել է երկու օր առաջ։
«Վաղը լրանում է ձերբակալման 72 ժամը, վաղը պարզ կլինի, կտեսնենք՝ տանում են կալանքի, թե ազատ են արձակում: Պետք է իմանանք դրդապատճառը, իմանանք՝ ովքեր են նրանց ուսուցիչները: Ինձ միայն դա է հետաքրքիր ու իմանալու ենք: Ոնց եկել են ստի ու կեղծիքի և նմանատիպ երևույթների վրա իշխանության, այդպես էլ գործում են: Միակ բանը, որ իրենց մոտ հիստերիա է առաջացնում, կոռուպցիայի բացահայտումն է: Իմացեք, որ այս ամեն ինչի հետևում կոռուպցիա բացահայտելն է»,–ասել է Ստեփանյանը։
Քննչական կոմիտեն հաստատել է, որ Երևանի ավագանու անդամի կնոջ ավտոմեքենան հրկիզելու դեպքի կապակցությամբ մեկ անձի նկատմամբ իրականացվում է հանրային քրեական հետապնդում։
«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (գույքը ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- տեղեկացրել են ՔԿ-ից:
Մայիսի 6-ի լուսաբացին հրկիզվել էր Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան։ Մայիսի 7-ին՝ հանցանքը կատարելու անմիջական կասկածանքով, իրավապահները ձերբակալել են մեկ անձի։