Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն Ազգային ժողովում տարեկան հաշվետվության ժամանակ ներկայացրել է, որ 2024 թվականին ՀՀ Զինված ուժերում գրանցվել է մահվան ելքով 34 դեպք, որոնք վերաբերում են 40 անձի։
«2024 թվականին արձանագրվել է մահվան ելքով 34 դեպք՝ 40 անձի վերաբերյալ»,-ասել է նա՝ հավելելով, որ 2023–ին արձանագրվել էր 36 դեպք՝ 59 զոհի վերաբերյալ։
Քննչական կոմիտեի նախագահը հայտնել է, որ 12 գործ կարճվել է, գրում է Panorama.am-ը։
ՔԿ նախագահի փոխանցմամբ՝ 2024թ. դեպքերով նախաձեռնվել է 39 քրեական վարույթ, որոնցից 5-ը վերաբերել է սպանության դեպքերի՝ ընդգրկելով 5 զոհ, 7 վարույթ՝ 7 ինքնասպանության, 3-ը՝ հակառակորդի գործողություններով պատճառված 4 սպանության, 7-ը՝ 10 անձի մասնակցությամբ տրանսպորտային միջոցների շահագործման կամ կանոնների խախտման դեպքերի, 1-ը՝ դժբախտ պատահարի, իսկ ևս 7-ը՝ հիվանդության հետևանքով մահացած 7 զինծառայողի վերաբերյալ։
Նա նշել է, որ զոհվածներից 4-ը եղել է սպա, 12-ը՝ պարտադիր ժամկետային զինծառայող, 7-ը՝ պայմանագրային զինծառայող, 1-ը՝ պահեստազորային, 6-ը՝ աշխարհազորային, իսկ 10-ը՝ քաղաքացիական անձ։