ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հորդորել է գլխավոր դատախազին՝ ուսումնասիրություն սկսել և իրավական գնահատական տալ ՊՆ-ի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին՝ կապված հայ ժողովրդի համար Ստալինգրադի ճակատամարտի նշանակության հետ։
Մինասյանը Հովհաննիսյանի խոսքերը որակել է որպես պատմության խեղաթյուրում և նացիստական Գերմանիային արդարացնելու փորձ, գրում է «Փաստինֆոն»։
Մինասյանը նաև ասել է, որ քաղաքացիները պահանջում են բացատրություն՝ ինչու օրենսդիրներն առաջարկ չեն ներկայացնում՝ վերնախավի պաշտոնյաներին հոգեբուժական փորձաքննության ենթարկելու և նման ընթացակարգը պարբերաբար կիրառելու վերաբերյալ։
«Բերեք գնահատենք՝ ո՞րն է ավելի արդար պահանջ՝ օրենսդրական նախաձեռնություն անելը՞, թե արդարադատության ֆունկցիան վերցնելը, ինձ թվում է՝ օրենսդրական նախաձեռնություն անելը»:
Մինասյանն ընդգծել է, որ կոռուպցիան, որն ըստ նրա՝ իշխանության բնական և տրամաբանական հետևանքն է, չի կարող վերագրվել ընդդիմությանը, իսկ ընդդիմության կապը կոռուպցիայի հետ համարել է բացարձակ անհեթեթություն։
Արծրուն Հովհաննիսյանը Հանրայինի եթերում ասել է, թե Թուրքիան այդ ժամանակ էական ուժ չուներ հարձակվելու։
«Թուրքիան Գերմանիայի հետ ուներ չեզոքության որոշակի պայմանագիր և որոշակի նյութեր էր մատակարարում, բայց որևէ էական ուժ չուներ հարձակվելու և Կովկասում՝ նոր ճակատ բացելու համար, դա միֆ է։ Կան արխիվային փաստաթղթեր։ Դրան հակառակ Գերմանիան ուներ ծրագիր՝ մշակված հստակ ծրագիր էր։ Եվ այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայից ցամաքային զորքեր, այդ թվում նաև՝ հայկական լեգեոնները, ներխուժեին, գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը ենթադրում էր նաև միացյալ պատմական Հայաստանի ստեղծում։
Գիտեք՝ Գարեգին Նժդեհը, Դրաստամատ Կանայանը, այդ ուղղությամբ աշխատում էին գերմանացիների հետ, որպեսզի ռազմագերիության կարգավիճակ ունեցող հայերից ձևավորեն հայկական լեգեոն և որոշակի ձևավորված հայկական լեգեոններ կային, որոնք ոչ մի լուրջ էական գործողություն չեն արել իրական մարտական դաշտերում։ Բայց եթե նման բան լիներ, պիտի և ՛ Հայաստանից, և ՛ Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին գրավեին Թուրքիան», ասել է նա։