12 մայիսի 2025 - 15:20 AMT
Ալեքսանյան․ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը տոտալ հաղթել է՝ ընդդիմությունն էլ չի խոսում ԼՂ–ից, Կարսից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ, խոսքն ուղղելով խորհրդարանական ընդդիմությանը, ասել է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում տոտալ հաղթել է՝ «ընդդիմադիրներն այլևս չեն խոսում Լեռնային Ղարաբաղից, Կարսից, այլ բաներից»։

«Խիստ ողջունում եմ, որ ԱԺ ընդդիմադիր թևը լիովին ու ամբողջությամբ ընդունել է ՀՀ գաղափարախոսությունը: Կատարելապե՛ս: Մեր ընդդիմադիր թևը այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք ՀՀ-ից դուրս են, խոսում է միայն ՀՀ ներսի խնդիրների մասին: Այնպես որ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ: Մեր ընդդիմությունն այդ հաղթանակի վառ վկայությունն է»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Պատգամավորը հիշեցրել է, որ նախկինում անձամբ հորդորել է ընդդիմությանը վերադառնալ իրական Հայաստանի քաղաքական դաշտ և կենտրոնանալ երկրի ներսում առկա խնդիրների վրա։

«Ողջունում եմ, որ դա սկսել եք անել, որ վերջապես էլ չեք խոսում ԼՂ-ից ու մնացածից, ու ձեզ համար առանցքային, քաղաքական բանը մի կողմ եք թողել ու խոսում եք իրական Հայաստանի խնդիրներից, բայց դա էլ որակով արեք, խնդրում եմ»,- ասել է նա: