Կապանում տեխնոլոգիական կրթությամբ հետաքրքրվածների համար հունիսին սկսվում է Թումո լաբերի ուղղորդված ինքնուսուցման ծրագիրը։
6-12 ամիս տևողությամբ, ճկուն գրաֆիկով, անվճար ծրագիրը բաց է 18 տարեկանը լրացած, Machine Learning, Python և Javascript սովորել ցանկացողների համար: Նախագիծը հասանելի է բոլորին՝ անկախ փորձից ու ծրագրերին ծանոթության մակարդակից, և նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ գիտելիքներն ամրապնդել ցանկացողների համար։
Ծրագիրն իրականացվելու է Թումո Կապանում՝ Երկաթուղայինների 18/1 հասցեում։ Մանրամասները և ժամկետները հասանելի են tumolabs.am կայքում։
Թումո լաբերի թիմը մայիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, կպատասխանի բոլոր հարցերին Թումո Կապանում տեղեկատվական հանդիպման ընթացքում։ Հանդիպմանը մասնակցելու համար պետք է գրանցվել կայքում։
Կապանն ընտրվել է Թումո լաբերի գործունեության ընդլայնման առաջին ուղղություն՝ քաղաքի կրթական և տեխնոլոգիական կենտրոն դառնալու հեռանկարն ու Սյունիքի ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով։
Թումո լաբերը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առանցքային նախաձեռնությունն ու ԵՄ Թումո ինժեներության և կիրառական գիտությունների համալիրի կրթական ծրագիրն է: Թումո լաբերն ուղղորդված ինքնուսուցում, նախագծային ուսուցում և բիզնես-գաղափարների ինկուբացիա միավորող անվճար տեխնոլոգիական նախագիծ է։ Այն իրականացվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կողմից՝ ԵՄ հետ համագործակցությամբ։ 2021 թվականից ի վեր Թումո լաբերում ուղղորդված ինքնուսուցում է անցել մոտ 2000 ուսանող։ Իրականացված նախագծերի թվում են արհեստական բանականության, գյուղատնտեսության, կլիմայի, առողջապահության և այլ ոլորտների ծրագրեր, որոնց ցանկին կարելի է ծանոթանալ կայքում։
Թումո լաբերը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։