12 մայիսի 2025 - 15:52 AMT
Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր քրգործը դատարանում է. Շոշափվում է նաև Սեդրակ Քոչարյանի անունը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր քրեական գործ է ուղարկվել դատարան` ըստ «Դատալեքս» համակարգի։ Գործով Սարգսյանին առաջադրվել են մեղադրանքներ յուրացման, փողերի լվացման և դրան դրդման համար։

Գործը վերաբերում է Պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Իսակովի պողոտայի հողատարածքների ուղղակի վաճառքին։ Նույն գործով անցնում է նաև նրա երբեմնի անվտանգության ծառայության պետ Վաչագան Ղազարյանը։ Դատաքննությունը կատարվում է հակակոռուպցիոն դատարանում, գործը մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին, գրում է Factor.am-ը։

Ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը՝ զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ը, և որպես ՀՀ կառավարության անդամ, լիազորված լինելով ղեկավարել և վերահսկել նախարարության գործունեությունը, այդ թվում նաև պետական գույքի կառավարումը, ունեցել է իրավասություն օրենքով նախատեսված սահմաններում հրամաններ և ցուցումներ տալու, ինչպես նաև ՀՀ կամ նախարարության անունից հանդես գալու։ Նա հանդիսացել է այնպիսի պաշտոնատար անձ, որը մշտապես իրականացրել է կազմակերպական, տնտեսական և վարչական գործառույթներ։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2005 թվականի հունվարի 25-ին, ՀՀ կառավարությունը թիվ 147-Ա որոշմամբ թույլատրել է ՊՆ-ին իր տնօրինության ներքո գտնվող հողատարածքները օտարել ուղղակի վաճառքով։ Այդ որոշումը նախագահը վավերացրել է փետրվարի 28-ին։ Հետագայում՝ մարտի 31-ին, ընդունվել է թիվ 392-Ա որոշումը, որը հստակեցրել է նախորդ որոշումը՝ լիազորելով ՊՆ-ին օտարել հողերը, այդ թվում՝ ուղղակի վաճառքի եղանակով։ Այդ որոշումն էլ հաստատվել է նախագահի կողմից ապրիլի 11-ին։

Մեղադրանքի համաձայն՝ Սերժ Սարգսյանը 2005-2006 թվականների ընթացքում իր մտերիմների, ենթակաների, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց և նշված անձանց հետ փոխկապակցված կազմակերպությունների նյութական օգուտն ապահովելու, առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների գույք օտարելու և ձեռք բերելու շահադիտական նպատակով, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, մի շարք անձանց, այդ թվում՝ Նախարարության համապատասխան պաշտոնյաների հանցակցությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով խախտելով արարքների կատարման պահին գործող ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, Հայաստանի Հանրապետությանը պատկանող՝ Նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքներում գտնվող 17 միավոր անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով օտարել է վերը նշված անձանց՝ այդ կերպ 15 դրվագ վատնման եղանակով և 2 դրվագ յուրացման եղանակով հափշտակելով ՀՀ–ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերը։

Գործով որպես մեղադրյալ ներգրավված է ևս երկու անձ։

Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա պաշտոնատար անձին օժանդակել է վատնման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև «Տոյոտա-Երևան» ՍՊ ընկերության մասնակիցներին օժանդակել է օրինականացնել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը։

Ալեքսան Ալեքսանյանն ընդունելով Սերժ Սարգսյանի առաջարկը պատրաստակամություն է հայտնել ձևականորեն հանդես գալ որպես գնորդ և մասնակցել հիշյալ գույքի օտարման հետ կապված գործարքներին: Վերոգրյալից հետո Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի որդի Սեդրակ Քոչարյանի, ՀՀ նախագահի առաջին օգնականի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձի հոր՝ Անդրանիկ Գևորգյանի և «Լոկալ Դիվիլոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանի հետ փոխկապակցված կազմակերպություն հանդիսացող «Տոյոտա- Երևան» ՍՊ ընկերության նյութական օգուտը՝ վերջինիս կողմից առավել շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք ձեռք բերելը, ինչպես նաև Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանի նյութական օգուտը՝ վերջինիս կողմից եկամուտ ստանալն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց հանցակցությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող՝ ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու դիտավորությամբ համաձայնություն է տվել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 281-Ա և Երևանի քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1408-Ա որոշումներով Նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքում՝ Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1,194 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողատարածքն (այսուհետ՝ Անշարժ գույքը) օտարել «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերությանը:

Վալերի Նարիմանի Գրիգորյանն էլ մեղադրվում է պետական գույքի վատնմանն օժանդակելու մեջ։ Ըստ գործի՝ նա՝ որպես պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, մտերիմ լինելով Սարգսյանի հետ, վերջինիս դիմել է ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Սարգսյանը նրան առաջարկել է նույն հողատարածքը՝ 1,194 հա մակերեսով, ձևականորեն գնել և ապա թանկ գնով վերավաճառել՝ գույքից եկամուտ ստանալու համար։ Գրիգորյանը համաձայնել է, և նրա համար պայմանավորվել են հողը վաճառել շուկայականից զգալիորեն ցածր արժեքով։

Նշված երեք մեղադրյալների նկատմամբ ընտրվել է չհեռանալու մասին խափանման միջոց։ Գործի նյութերում պաշտպանների անուններ չեն նշված, հետևաբար նրանց դիրքորոշումը մեղադրանքների վերաբերյալ հայտնի չէ։ Միայն Սերժ Սարգսյանը նախկինում արձագանքել է Factor TV-ի հարցին՝ ասելով. «Պետք է եղել, վաճառել են»։

Վաչագան Ղազարյանի գործի նյութերում ընդգծվել է նաև, որ քաղաքապետարանը հողատարածքները ՊՆ-ին տրամադրել է՝ հենց վաճառքի նպատակով, իսկ ստացված գումարները փոխանցվել են արտաբյուջե։ Ի սկզբանե, գործի քննության ժամանակ դատախազությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել են, թե վաճառվել են «Եռաբլուր» պանթեոնի հողերը, սակայն Factor TV-ի գրավոր հարցմամբ պարզվել է, որ դրանք պարզապես գտնվել են պանթեոնին հարող տարածքում, ոչ թե պանթեոնին են պատկանել։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վերջերս չեղարկել է մեկ այլ գործով Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը, և սպասվում է, որ ներկայիս գործն էլ շուտով կուղարկվի նոր քննության։